Ազատամարտիկ Գեորգի Արիստակեսյանը, ում ոստիկանը «յ*բաննի բիձա» անվանեց, կամավոր մասնակցել է բոլոր պատերազմներին

ՀՅԴ Աջափնյակի կոմիտեության անդամ Գեորգի Արիստակեսյանը, ում ոստիկանները վայրենաբար բերման ենթարկեցին խաղաղ ավտոերթի վայրից՝ ոտքով ու բռունցքներով հարվածներ տեղալով նրա գլխին ու որովայնին, ինչպես նաև վիրավորելով «յ*բաննի բիձա» արտահայտությամբ, ազատամարտիկ է, պահեստազորի ավագ լեյտենանտ ու իբրև կամավոր մասնակցել է Արցախյան բոլոր պատերազմներին՝ սկսած 1993 թ-ից՝ հայտնում է Yerkir.am-ը։

Կայքը նաեւ գրում է. «Նա պահեստազորի ավագ լեյտենանտ է, կապավոր, նրա ավանդը մեր մարտական գործողությունների կազմակերպման, կապի ապահովման գործում շատ մեծ է, վկայում են մարտական ընկերները, հիանալի մասնագետ է, կարողանում է բոլոր հարցերն անձամբ լուծել։

«Գեորգի Արիստակեսյանին ճանաչում եմ 1993 թ-ից, կամավոր սկզբունքով եկել էր Շուշի, միացավ մեր՝ ՀՅԴ Շուշիի առանձին հրաձգային գումարտակին, ղեկավարում էր կապի ծառայությունը։ 1993-94 թթ մարտական գործողություններին իր մասնակցության համար Արցախի Հանրապետության այն ժամանակվա նախագահի հրամանագրով պարգևատրվեց «Մարտական ծառայության համար» մեդալով»,-ասաց ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի շտաբի պետ, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը։

Գեորգի Արիստակեսյանը այնուհետև մասնակցել է նաև Ապրիլյան մարտական ակտիվ գործողություններին։ 44-օրյա պատերազմի ընթացքում կամավոր ներկայացել է զինկոմիսարիատ, ներգրավվել զորահավաքային միջոցառումներին և ուղարկվել 5-րդ պաշտպանական շրջան որպես պահեստազորի սպա։

«Բայց այնտեղ նրա հմտությունները չեն կարողացել օգտագործել և որպես հասարակ զինվոր ժամկետային զինծառայողների հետ մասնակցել է ակտիվ մարտական գործողություններին մեկ ամսից ավելի։ Այնուհետև, երբ փոխարինող բերեցին իր տեղը, եկավ, միացավ մեր գումարտակին արդեն՝ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակին, և մինչև նոյեմբերի 23-ը մեզ հետ մեկտեղ 25 օրից ավելի մասնակցեց բոլոր գործողություններին, որ իրականացրել է «Կամավորական շարժումը»»,-պատմեց Արտաշես Մխիթարյանը։

Գեորգի Արիստակեսյանը բավականին համեստ, զուսպ անձնավորություն է, վստահեցրեց նա, իսկական հայրենասեր ու ամեն հնարավորությամբ միշտ փորձել է օգտակար լինել մեր հանրապետության պաշտպանության գործին։

«Ինչպե՞ս կարելի է բնութագրել, երբ 70 տարեկան տարեց մարդու հանդեպ բռնի ուժ են գործադրում, ու այդ կարմիր և սև բերետավոր ստահակները նույնիսկ տարիքը հարգել չգիտեն,  այդ վերաբերմունքը իրենց համար սովորական է»,-ասաց Արտաշես Մխիթարյանը։

Նա համոզված է, որ ոստիկաններն այդ վայրենություններն անում են պարգևավճարի համար։

«Իհարկե, ցավում եմ մեր ընկերոջ համար․ նա իմ և՛ գաղափարակից ընկերն է, և՛ մարտական ընկերն է, բայց օրվա իշխանությունների կամակատար ստահակներից ավելին սպասել հնարավոր չէ»,-ասաց Արտաշես Մխիթարյանը։