Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված զինծառայողներից մեկն ունի կողի կոտրվածք.. մանրամասներ

Վայոց ձորի մարզում հունիսի 7-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 11 (1 սպա, 10 ժամկետային) զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից մեկը կողի կոտրվածք ունի, մյուսների վիճակը բավարար է, հիմնականում քերծվածքներ են ստացել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։

Հիշեցնենք, որ Վայոց ձորի մարզում այսօր՝ հունիսի 7-ին, «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի գլխիվայր շրջվելու հետեւանքով տուժած 11 զինվորների վիճակը լավ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։

«11 տղաներից միայն մեկը հավանաբար ստացել է երկկողմանի կոտրվածք։ Մնացած տասը տղաները ստացել են թեթեւ քերծվածքներ եւ ամենայն հավանականությամբ այսօր դուրս կգրվեն»,- նշեցին ՊՆ-ից։