Գեղացին, որ գալիս է քաղաք, Աշոտիկի նման է դառնում. Արմեն Գրիգորյան

Iravunk.com-ը գրում է․ Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին “Իրավունքը” զրուցեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հետ:

– Պարոն Գրիգորյան, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը տարիներ շարունակ եղել է այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի համախոհն ու գաղափարական ընկերը, հիմա քննադատում է Նիկոլին` խոսելով նրանից ազատվելու տարբերակների մասին: Ձեր կարծիքով` սա հերթական ֆա՞րսն է, թե՞ իսկապես Տեր-Պետրոսյանը Նիկոլի հրաժարականն է պահանջում:


– Լեւոն Տեր-Պետրոսյանը մեր քաղաքական դաշտի մտքի գիգանտներից է: Տեր-Պետրոսյանին ձեռնտու է Նիկոլի հրաժարականը: Դրանով առաջին նախագահը փորձում է մի քանի թիրախ խոցել: Նիկոլի թիմի մեծ մասը Լեւոն Տեր-Պետրոսյանին հավատարիմ մարդիկ են:

– Բայց հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես են իմքայլականները հայհոյում Տեր-Պետրոսյանին: Այդ դեպքում` ինչո՞ւ:

– Առաջին նախագահին վիրավորում եւ ընդդիմանում են իմքայլական բացարձակ լակոտները: Նիկոլի թիմի լուրջ մասն այդտեղ չկա: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ հատկապես վերջին շրջանում առաջին նախագահի եւ նիկոլականների միջեւ շատ ակտիվ ինֆորմացիայի փոխանակում է տեղի ունեցել:

Լևոն Տեր Պետրոսյան
– Ի՞նչ նպատակով:

– Դժվարանում եմ ասել: Իմ կարծիքով` ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով: Ես պնդում եմ, որ պատերազմում դավաճանություն է եղել:

– Ո՞ւմ կողմից:

– Նիկոլ Փաշինյանի:

– Պարոն Գրիգորյան, մենք ականատեսն ենք Հայաստանում ադրբեջանասիրական լուրջ պրոպագանդայի: Իրեն դերասան հռչակած տնտեսագետ Հովհաննես Ազոյանը թշնամի երկրի առաջնորդի կնոջը սրտաճմլիկ մեկնաբանություն է արել: Սա դավադրությո՞ւն է, թե՞ տգիտություն:

– Պետք չէ ամեն տեղ դավադրություն փնտրել: Հովհաննես Ազոյանը բանական նարկոման է: Նոր չէ, որ պետք է ճանաչենք նրան: Ուրիշ հարց է, որ Ազոյանը հանդես է գալիս մի շրջապատում, որտեղ շատ մոդայիկ է լինել “խաղաղասեր” ոխերիմ թշնամու հանդեպ, այն ոխերիմ թշնամու, որը մի ամբողջ սերնդի ոչնչացրեց: Ազոյանը չի կարող որեւէ դավադրության մասնակցել, այդ վարկածն անգամ ծիծաղելի է:

– Օրերս, Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտը, “ի պաշտոնե” հարցազրույցով հանդես եկավ: Իսկ ո՞րն է Աշոտ Փաշինյանի պաշտոնը: Եթե, օրինակ, վերցնենք նորագույն պատմության նախորդ երեք ղեկավարների զավակներին, ապա պետք է փաստենք, որ նրանցից եւ ոչ մեկը երբեւէ հարցազրույցով հանդես չի եկել: Ո՞րն է Աշոտ Փաշինյանի առավելությունը:

– Գեղացին, որ գալիս է քաղաք, Աշոտիկի նման է դառնում: Սա բոշայի դասական օրինակ է: Նախորդ իշխանությունների մասին կարելի շատ բացասական բաներ ասել, բայց որ նրանց զավակները երբեւէ վարկաբեկած լինեն իրենց, պարզապես անհնար կլինի ասել: Նիկոլ Փաշինյանի ընտանիքն ուղղակի խայտառակություն է: Հայրը հարբեցող, մայրը չասեմ ինչ, երեխաներից մեկը նարկոման, մյուսը` զուգարաններում սելֆի անող պոտենցիալ նարցիսիզմի հետեւորդ:

Մարդ արդեն ամոթ է ապրում այս մասին խոսելուց: Երեւի հիշում ենք, որ պատերազմի ամենաթեժ օրերին իմքայլականները համատարած գրում էին այն մասին, որ պատերազմի դաշտից բոլորը փախել են, իսկ Աշոտիկը մնացել ու հերոսություններ է արել: Մի հատ Աշոտիկին նայեք ու սրանց հայտարարությունները լսեք…

– Երեկ նույնպես հայտարարում էր, որ եթե պատերազմ լինի, կրկին կգնա ռազմաճակատ:

– Ո՞ւր կգնա: Աշոտիկն անգամ ի զորու չէ “ռագատկով” կրակելու, ինչի՞ մասին է խոսքը:

– Բավականին երկար ժամանակ է անցել կապիտուլյացիայից, սակայն Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել: Ինչո՞ւ: Չե՞ք կարծում, որ այսկերպ Նիկոլի ոտքն ավելի ամուր է դառնում:

– Հունվար-փետրվար ամիսներին կար այդպիսի տպավորություն, բայց հիմա` ոչ: Ըստ իս` սա մեր խայտառակության ֆինալն է: Կապիտուլյացիայի շրջանը խայտառակություն է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, այլ ոչ թե Նիկոլի: Խայտառակություն է, որ չկարողացանք Նիկոլին հեռացնել: Այդ ամենի համար հիմնականում մեղադրում եմ փողոցի ընդդիմությանը: Ես, իբրեւ բոլոր ցույցերի ակտիվ մասնակից, կարող եմ պնդել դա:

– Ըստ ձեզ` ընդդիմությունն ո՞ւր է տանում մեզ:

– Ոչ մի տեղ էլ չի տանում… Ընդդիմության քայլերը դեռեւս մեզ բերելու են ազգային խայտառակություն, ինչպես եւ Նիկոլի քայլերը, պարզապես ճանապարհներն են տարբեր: Ընդդիմությունը կոնկրետ գնում է դեպի իշխանություն: Բոլորի նպատակը իշխանության հասնելն է: Խիստ քննադատելի եմ համարում, երբ իշխանության հասնելը գերադասվում է ամեն ինչից: Ընդդիմությունը կարծես չցանկացավ պատասխանատվությունն իր վրա վերցնել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում