«Մեր տղաների մահը մնում է չբացահայտված։ Սա շատ ցավոտ է, որովհետև մենք անընդհատ սպասում ենք, որ մեղավորները կհայտնաբերվեն ու կպատժվեն»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց հունվարի 19-ին Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհից մահացած զինծառայող Գոռ Մարտիրոսյանի մայրը՝ Ռուզաննան:
Գոռի մայրը պնդում է՝ իր որդին չէր կարող առանց պայքարի հանձնվել, որովհետև շատ ուժեղ տղա էր՝ ֆիզիկապես և նաև հոգով։ Ասում է՝ քննիչը քննարկումներ է անում զոհվածների ծնողների շահերի պաշտպան Նորայր Նորիկյանի հետ, բայց գործում նորություն չկա։
«Մենք ծնողներով պայքարում ենք, խելագարվում ենք, բայց գործը առաջ չի գնում։ Կոպիտ էլ ենք խոսում, բղավում ենք, արտասվում ենք, բայց մնում ենք անորոշության մեջ»,-ասում է տիկին Ռուզաննան։
Ողբերգական պայմաններում զոհվածի մայրը համոզված է, որ որդին չէր կարող հրդեհի զոհ դառնալ, եթե նախապես սպանված չլիներ.
«Իմ որդու սպանողը պետք ա պատժվի, որովհետև իմ տղան յուրահատուկ էր։ Շատ խելացի էր ու հանդարտ, բայց ճիշտ պահին կողմնորոշվում էր։ Գոռս ընտիր նկարում էր ու ամենաքիչը ապագայում Դիլիջանի ճարտարապետը կարող էր լինել»։ Մայրը նկատում է՝ ծնողը ինչքան էլ պայքարի, միևնույնն է որոշողները որոշել են ու զոհաբերել իրենց տղաներին։
Չի հասկանում, թե այս հրդեհը երկրի ո՞ր շահին էր համապատասխանում. «Հնար չկա, չեն ուզում ու չեն բացահայտում կատարվածը։ Իմ տղան 4-5 տարեկանից աչքի էր ընկնում, որպես խելացի ու յուրահատուկ։ Նրա ձեռքում անընդհատ թուղթն էր ու մատիտը։ Սովորել էր սիրում, նկարել։ Գլուխը կալկուլյատրի նման էր աշխատում։ Գերազանց էր սովորում։ Նկարչականում էլ փայլում էր»։
Մայրն ասում է, որ որդին ավազով ու փայտով տուն էր սարքում։ Բացառում է, որ նա չէր գիտակցի մահացու վտանգը ու չէր խուսափի հրդեհից. «Իմ տղան ուժեղ էր ու կարար էդ կացարան կոչված գոմը մի քանի րոպեում քանդեր։ Իր ուժով կարար մյուս 14 տղաներին էլ փրկեր։ Ֆիզիկական տվյալները նրա կատարյալ էր։ Իմը չի, որ գովում եմ, բոլորը գիտեն իմ Գոռին»։
Հավաստում է՝ պայքարելու են ու չեն լռելու։ Ընդգծում է, որ հավատը արդարադատության հանդեպ կամաց-կամաց մարում է։ Ասում է՝ վճռական գործողությունները ծնողների կողմից չեն ուշանա։
Տիկին Ռուզաննան ցավով նշում է՝ հանրությանն այլևս չի հետաքրքրում այս ողբերգությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Ծնողները չեն հավատում առաջ քաշված պաշտոնական վարկածին և պնդում են, որ իրենց որդիները մինչև հրդեհը արդեն մահացած են եղել։
Լուսին Ղազարյան