Եթե Նիկոլ Փաշինյանը մնա, Երեւանն անպայման Ադրբեջան է դառնալու…Հունիսի 3–ին 6 ամսական երեխաս գրկիս էր, կարմիրբերետավորը հարձակվեց ինձ վրա…

Ես պայքարում եմ հանուն Արցախի ու Հայաստանի, որ դավաճանը հեռանա, հայոց նեռը հեռանա: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, «Դիմադրության» շարժման երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ցուցարար կանանցից մեկը, ով եկել էր իր մանկահասակ երեխայի հետ:

Նա պատմեց, որ հունիսի 3-ին եւս մասնակցել է ընդդիմության ակցիային. «Երբ այդ լուսաձայնային նռնակները պայթեցին, երեխաս շատ վախեցավ, փոքր նույնպես, որ 6 ամսական է: Ինքն իմ գրկին էր: Երբ առաջին նռնակը պայթեց, ես ասացի՝ ոստիկանը թուրք է, մի հատ կարմիր բերետավոր հարձակվեց ինձ վրա՝ հոշոտելու համար: Մյուս ընկերները չթողեցին»:

Երիտասարդ կինը կոչ արեց բոլորին միանալ իրենց պայքարին. «Դուք մի լսեք Նիկոլ Փաշինյանին, դուք լսեք Ալիեւին, որ ասում է՝ Երեւանն Ադրբեջան է: Եթե ասում է, որ Երեւանն Ադրբեջան է, ուրեմն անպայման Ադրբեջան է լինելու, ինչպես որ Արցդախը: Ես արցախցի եմ, մենք երբեք չէինք հավատում, որ մի օր կարող ենք կորցնել Արցախը: Իսկ այսօր կորցրեցինք: Եթե չկա Արցախ, չկա Հայաստան: Եթե Նիկոլ Փաշինյանը մնա, Երեւանն անպայման Ադրբեջան է դառնալու»,-ասաց նա: