«Երբ իմացանք, որ ամուսինս զոհվել է, տղաս սեղմեց ատամներն ու ամբողջ ժամանակ չլացեց։ Ասեցի՝ տղե՛ս, խնդրում եմ՝ մի քիչ լացի, որ հանգստանաս: Ասեց՝ չէ՛, մա՛մ, ես պապային խոսք եմ տվել»…

9-ամյա Մանեի, 5-ամյա Արփիի և 12-ամյա Վլադիմիրի հայրը՝ Սուրենը, զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Կինն ասում է՝ գիտեր, որ չի վերադառնալու։

«Տղուս ասել էր՝ կդառնաս լավ մարդ, կգաս, կկանգնես քարիս մոտ, կասես՝ պա՛պ, դարձել եմ քո երազած տղեն,- հուզվում է 35-ամյա Հրանուշ Աբրահամյանը, երբ խոսում է ամուսնու՝ Սուրենի մասին,- մեկնել էր առաջնագիծ՝ գիտակցելով, որ չի վերադառնալու»։

12-ամյա Վլադիմիրը, թվում է, ոչ թե դեռահաս է, այլ չափահաս, աչքերում ցավ կա, հայացքը խիստ է, հասուն։ Հայրը՝ 41-ամյա Սուրեն Հովսեփյանը, նախքան առաջնագիծ մեկնելը արդեն իսկ տղային նախապատրաստել էր, որ պատերազմից չի վերադառնալու, «մինչև վերջ կռվելու է»։

«Ամուսինս գիտեր՝ ո՛ւր է գնում ու ինչի՛ համար, հստակ որոշել էր, որ մինչև վերջ պայքարելու է, որպեսզի հարցը վերջնականապես լուծվի և որդուն պատերազմ չժառանգի»,- հուզվում է Հրանուշը և նշում, որ Սուրենի կամավորագրվելուց հետո մինչև առաջնագիծ մեկնելը 5 օր ժամանակ է եղել ու այդ ընթացքում որդու հետ զրույցներ է ունեցել։ Հրանուշն անգամ տեղյակ չի եղել այդ զրույցներից:

Ունենալով առողջական խնդիրներ, թողնելով երեք անչափահաս երեխա՝ Սուրեն Հովսեփյանը ընկերոջ հետ որոշում է միանալ Պռոշյան գյուղում հավաքվող ջոկատին և մեկնել պաշտպանելու հայրենիքը։

Հրանուշն ասում է՝ ամուսնու հետ պատահած ողբերգական դեպքից օրեր անց՝ հոկտեմբերի 10-ին են տեղեկանում այդ մասին։ Կինն ասում է՝ 12 տարեկան տղան միանգամից 10 տարով մեծացավ և տղամարդ դարձավ, աղջկա մոտ հոգեբանական խնդիրներ են երևան եկել, հոգեբանի այցելությունների շնորհիվ միայն երեխան կարողացել է փոքր-ինչ հաղթահարել սթրեսը, իսկ Հրանուշը զգում է ոչնչով չլցվող անհուն դատարկություն, ֆիզիկական և հոգեբանական մեծ բեռ իր ուսերին:

«Երբ իմացանք, որ ամուսինս զոհվել է, տղաս սեղմեց ատամներն ու ամբողջ ժամանակ չլացեց։ Ասեցի՝ տղե՛ս, խնդրում եմ՝ մի քիչ լացի, որ հանգստանաս: Ասեց՝ չէ՛, մա՛մ, ես պապային խոսք եմ տվել։ Պապան ասեց՝ ես չեմ գալու, ինձ բերելու են, որ բերեն, չլացեք։

Միայն Աստծուն է հայտնի, թե ինչերի միջով ենք անցել։ Աղջիկս 4 ամիս «պապա» բառը չասեց, գոռում, ճվում էր, թողնում, փախնում էր, շունչը պահում, կապտում էր: Տեսա՝ տարբերակ չկա, վերցրեցի երեխուս, տարա հոգեբանի մոտ: 4 ամիս կուրսերի գնացինք, հասանք նրան, որ Մանեն 8 ամիս հետո ասեց «պապա» բառը։ Էս դատարկությունն ու դաժանությունը, որ զգացինք, թշնամիս չզգա»,- կրկին հուզվում է Հրանուշը։

Նյութը՝ nurblog.info-ից
28.01.2022

🙏Հավերժ փառք և խոնարհում🙏

➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
Instagram: https://bit.ly/3OAKp7I
Telegram: https://t.me/Erabluram