Այսօր երեկոյան Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել ընդդիմադիրների հերթական հանրահավաքը: Հնչել են ելույթներ, քննարկվել օրվա արված գործողությունները: Նշենք, որ հանրահավաքին հաջորդել է համերգային ծրագիր, և ընդդիմադիրները երթ են իրականացրել Երևանի փողոցներով:
Այսօրվա հանրահավաքին Ռոբերտ Քոչարյանը կրկին ներկա է եղել: Ի դեպ, հիշեցնենք, որ երեկ համացանցում էր հայտնվել Արմեն Աշոտյանի և Նաիրա Զոհրաբյանի զրույցից կարճ ձայնագրություն, որտեղ Զոհրաբյանն ասում է. «Ռոբի երեկվա երթում քայլելը լիքը մասսայի հուշտ ա անում»:
Նշենք, որ ընդդիմության այսօրվա հանրահավաքին ներկա է եղել մոտ 3000-3200 մարդ:
Ավելի վաղ՝ առավոտյան, ընդդիմադիր տղամարդիկ երթով շարժվել էին Վանաձոր, իսկ կանայք Երևանում էին երթ իրականացրել: Հիշեցնենք, որ Վանաձորում ընդդիմադիրների՝ «Առանց թուրքի Հայաստան» կոչերին վանաձորցիները հակադարձել էին՝ ասելով. «Առանց ձեզ, դո՛ւք եք թուրքը: Քաղաքացին եկել է ձեզ ասի՝ դուք Հայաստանում անելիք չունեք: Ազգային ժողովում կատու եք դառնում»:
Վանաձորցիները նաև նկատել էին, որ հանրահավաքին մասնակիցները հիմնականում Երևանից են գնացած եղել: Որոշ վանաձորցի մասնակիցներ էլ Մամիկոն Ասլանյանի աջակիցներն են եղել:
Նյութի աղբյուր՝ armtimes.com