Ծննդյան տարեդարձի աղոթք
Ամենակա՛լ Աստված, արարիչ և խնամող և պահպանող բոլոր արարածների, Դու, որ Քո օրհնյալ կամքով սքանչելի կերպով ստեղծեցիր ու կազմեցիր ինձ և Քո մեծ նախախնամությամբ պահեցիր` ծննդյանս օրից մինչև այսօր, բավարարելով իմ բոլոր կարիքները:
Օրհնում և փառավորում եմ քո անբավ գթությունը, երկնավո՛ր Հայր և շնորհակալություն եմ հայտնում Քեզ: Օրհնիր իմ այս տարվա ընթացքը և զորացրու հոգիս, որպեսզի հրաժարվեմ չար գործերից և կյանքիս մնացյալ օրերն անցկացնեմ բարեգործությամբ ու Քո պատվիրանների պահպանությամբ՝ ապրելով աստվածահաճո կյանքով ու բարեպաշտությամբ, Քո՛ փառքի համար։
Քանզի Քեզ՝ Որդու և Ս. Հոգուդ հետ միասին վայել է փառք, իշխանություն և պատիվ.
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից… Ամեն