Ծնողներն աղջկա որոշմանը որևէ կերպ չեն միջամտել. 44-օրյա պատերազմում ոտքերը կորցրած զինվորը նշանադրվել է

44-օրյա պատերազմի մասնակից, երկու ոտքերը կորցրած Հովսեփ Առաքելյանը նշանադրվել է:

21-ամյա Հովսեփը վիրավորվել էր սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի հենց առաջին օրը՝ առաջին իսկ ժամերին Մատաղիսում: Տղան առաջին բուժօգնությունն ստացել էր դիրքերում, ապա՝ գումարտակում, որից հետո էլ նրան տեղափոխել էին Երեւան՝ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ (Մուրացան): Անդամահատված ոտքերի հետ կապված Հովսեփը երեք վիրահատություն է տարել: Ասում է՝ բարեբախտաբար, այլ վնասվածքներ ու առողջական խնդիրներ չունի, հավելյալ բուժման կարիք՝ եւս, իրեն էլ հիանալի է զգում:

«103 օր էր մնացել ծառայությունս վերջացնելուն, վիրավորվեցի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է նա:

Հովսեփը հիմա իր սիրելիի՝ Նադյայի հետ է: Երիտասարդ զույգը, իրարու փոխլրացնելով, մեզ հետ զրույցում պատմեցին իրենց ծանոթության, սիրո եւ նշանադրության ու հետագա ծրագրերի մասին:

Նադյան ու Հովսեփը 6 տարի է, ինչ ծանոթ են, սակայն ընկերություն են սկսել անել պատերազմից ու Հովսեփի վիրավորվելուց մի քանի ամիս անց: Երկուսն էլ 9-ամյա կրթություն ստանալուց հետո ընդունվել են Զարդակիրառական արվեստի պետական ուսումնարանը: Նույն կուրսում են սովորել: Այն ավարտելուց հետո Հովսեփը զորակոչվել է բանակ:

Նադյայի խոսքով՝ տղայի հետ միշտ էլ ընկերական, մտերիմ հարաբերությունների մեջ է եղել, կողք կողքի են նստել: Իսկ երբ Հովսեփը վիրավորվել է, առանց մտածելու շտապել է նրան տեսակցելու: «Կուրսի երեխեքից մեկի միջոցով եմ իմացել նրա վիրավորվելու լուրը: Ահավոր անհանգիստ էի, գնացի հոսպիտալ, բայց թույլ չէին տալիս բարձրանալ մոտը: Մեծ դժվարությամբ կարողացա գնալ: Տեսա, ու երեւի այդ ժամանակ էլ ամեն ինչ պարզ դարձավ»,- ժպիտով հիշում է Նադյան ու հավելում՝ անբացատրելի զգացողություններ էին, միայն հիշում եմ՝ անչափ ուրախ էի, որ ողջ եմ տեսնում:

Հովսեփն էլ խոստովանում է՝ դեռ ուսումնարանի տարիներից էր Նադյային հավանում, սակայն մտածում էր, որ վաղ է քայլեր անել, քանի որ պիտի բանակ գնա, եւ Աստված գիտի, թե ինչ կարող է լինել:

«Ուսումնարանի սաներով որոշել էինք ծառայությունից վերադարձած կուրսի տղաների պատվին խնջույք կազմակերպել: Քաղաքից դուրս էինք գնացել, ու այնպես էր ստացվել, որ ես Հովսեփի կողքին էի նստել»,- հիշում է Նադյան ու հավելում՝ կուրսընկերների հավաքից մի քանի օր անց էլ Հովսեփն իրեն ասել է՝ խոսելու բան ունի: Հանդիպել են, Հովսեփը խոստովանել է իր զգացմունքների մասին: Մի քանի օր հետո էլ Նադյան է խոստովանել, որ ինքն էլ անտարբեր չէ:

Իսկ ահա Նոր տարվա առաջին օրը՝ հունվարի 1-ին, տեղի է ունեցել զույգի նշանադրությունը: Նադյայի ծնողները Հովսեփին չեն ճանաչել, միայն իմացել են, որ իրենց դստեր կուրսընկերն է: Աղջկա որոշմանը որեւէ կերպ չեն միջամտել, այլ՝ ընդհակառակը: Իսկ շրջապատում, ընկերների, ծանոթների շրջանում եղել են մարդիկ, որ չեն խրախուսել աղջկա որոշումը: «Այդ մարդկանց ես հանել եմ իմ կյանքից: Իսկ Հովսեփին ես շատ եմ սիրում, նրա ներկայությունն ինձ ուժ է տալիս»,- ասում է Նադյան:

Հովսեփն առայժմ չի աշխատում, սակայն ուզում է արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատել: Ասում է՝ լսել է, որ ԱԻՆ-ում իրեն հարմար աշխատանք կա: «Այս ընթացքում տարբեր տեղերից ինձ աշխատանքի առաջարկներ են արել, բայց իմը չեն եղել դրանք, մտածել եմ, որ չեմ կարողանա սիրով աշխատել, բայց ԱԻՆ-ում կուզեմ, օպերատորություն պիտի անեմ, աշխատավարձն էլ վատ չէ»,- անկեղծանում է տղան:

Հովսեփն ու Նադյան ամուսնության մասին առայժմ չեն մտածում, համարում են, որ դեռ վաղ է: «Դեռ մի քանի օր է, ինչ նշանվել ենք»,- ժպիտով ասում է Նադյան: Դե իսկ Հովսեփն էլ կատակով ավելացնում է. «Նոր տարվա ծախսերի տակից դուրս գանք, հետո հասկանանք, թե ինչ ենք անելու»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.