ԿԱՐԵՎՈՐ․ կենսաթոշակային հաստկացումը կփոխվի․ ՍԱ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ ԲՈԼՈՐ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ

Այսօր Araratnews.am-ի խմբագրություն էր զանգահարել արտերկրում գտնվող կենսաթոշակառու Ռաիսա Սամվելյանը, խնդրելով ճշտել` եթե թոշակառուն ինչ-ինչ հանգամանքերով չի կարողանում գալ Հայաստան կենսաթոշակը ստանալու, պետությունը այդ պարագայում կարո՞ղ է «կտրել» իր կենսաթոշակը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեց, որ եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն սահմանված ժամանակահատվածում, այսինքն՝ տարեկան 1 անգամ չի ներկայացել բանկ` ՀՀ-ում գտնվելու մասին հայտարարություն ստորագրելու համար, ապա բանկ ներկայանալու ժամկետը բաց թողնելու ամսվան հաջորդող ամսի 1-ից կենսաթոշակի վճարումը դադարեցվում է:

Մանուչարյանի խոսքով, կենսաթոշակի վճարումը կվերսկսվի, եթե քաղաքացին կենսաթոշակի վճարումը դադարեցնելու ամսվանից 12 ամսվա ընթացքում ներկայանա բանկ կամ այդ ժամկետից հետո անձամբ դիմի «Միասնական սոցիալական ծառայության» ցանկացած տարածքային կենտրոն։ Կարգն այլ է կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուների համար. «Եթե «12 ամիս անընդմեջ կենսաթոշակառուն չի ստացել կենսաթոշակ, ապա 12 ամսվան հաջորդող ամսի 1-ից կենսաթոշակի վճարումը դադարեցվում է»:

Այս պարագայում վճարումը վերսկսելու համար Մանուչարյանը թոշակառուներին հորդորում է անձամբ դիմել ՄՍԾ ցանկացած տարածքային կենտրոն։ «Օրինակ` եթե քաղաքացին 1 տարի ապրել է ՌԴ-ում, ունեցել է կենսաթոշակ ստանալու իրավունք, որի դադարեցումից հետո վերադարձել է ՀՀ 3 տարի անց, ապա կստանա միայն դիմելու ամսվա նախորդ 12 ամսվա կենսաթոշակը»: Եզրափակելով զրույցը՝ Մանուչարյանն ասաց, որ այս խնդրով դիմող քաղաքացիների թիվը բավականին մեծ է, սակայն այս պահին կարգավորող միայն այս օրենքն է առկա: Աննա ՉԻԲՈՒԽՉՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.