Կատարվածը կեղծիք է, թե շփոթմունք` կպարզի քննությունը։ 44–օրյա արցախյան պատերազմում զոհված Արա Մկրտչյանի հարազատներն արդեն հաղորդում են ներկայացրել ոստիկանություն։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Գյումրիում խաբեություն է տեղի ունեցել. նա, ով ներկայացել է որպես 44–օրյա պատերազմում զոհված Արա Մկրտչյանի կին ու օրեր առաջ բնակարան ստացել, իրականում նրա կինը չէ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ պնդեցին զոհված Արա Մկրտչյանի եղբայրը, մայրն ու օրինական կինը՝ Աիդա Թորոսյանը՝ ցույց տալով ամուսնության և Արայի ու Աիդայի որդու՝ 3 ամյա Էրիկ Մկրտչյանի ծննդյան վկայականները, ինչպես նաև մի շարք ընտանեկան լուսանկարներ:

Օրերս Գյումրիում բնակարան ստացան ժամանակավոր կացարաններում` տնակներում բնակվող Ջուլիետա Մելիքյանն ու Ռեմ Պարշկովան։ Նրանք բարեգործների ու լրատվամիջոցների առաջ ներկայացան որպես 44–օրյա պատերազմում զոհված պայմանագրային զինծառայողներ Հովհաննես Խաչատրյանի և Արա Մկրտչյանի կանայք։

«Իմ որդու՝ Արա Մկրտչյանի անունը շահարկելով` մարդիկ բնակարան են ստացել: Մենք ընդհանրապես այդ կնոջը (Ռեմ Պարշկովային,–խմբ.) չգիտենք ու անակնկալի ենք եկել, երբ լրատվամիջոցներից իմացել ենք, որ իր այսպես կոչված ընտանիքը տուն է ստացել։ Սա կեղծիք ու խաբեություն է»,-ասաց Արա Մկրտչյանի մայրը՝ Մանիկ Թադևոսյանը։ Նա հավելեց, որ չնայած իրենց ընտանիքը ևս տնակում, շատ վատ պայմաններում է ապրում, բայց երբեք զոհված որդու անունը չեն շահարկել բնակարան կամ այլ օգնություն ստանալու համար:

«Ես միայն մի բան եմ ուզում ՝ իմ որդու անունը չշահարկեն։ Ինքն ունի օրինական կին ու որդի, ու ոչ մեկը չի կարող հանդես գալ որպես իր կին»,-նշեց Արայի մայրը:

 

Նշենք, որ Ռեմ Պարշկովան, որը բնակարանամուտին ներկայացել էր որպես Արա Մկրտչյանի կին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց` շփոթմունք է եղել:

Ռեմ Պարշկովան դստեր հետ

«Լրատվամիջոցները բոլորը հարցրին, ես էլ շփոթմունքից որպես իմ երեխայի հայր` նշեցի Արա Մկրտչյանի անունը: Իմ դստեր հոր անունը իրոք Արա է, նա մասնակցել է 44-օրյա պատերազմին, բայց չի զոհվել: Քանի որ ինքն իմ օրինական ամուսինը չէ, ես իր ազգանունը չեմ բարձրաձայնում, իսկ Արա Մկրտչյանին ես չգիտեմ»,-նշեց կինը։

 

Նա նույնը պնդեց նաև այսօրվա ասուլիսի ժամանակ, որին եկել էր Արա Մկրտչյանի մայրիկի հրավերով: Լրագրողների այն հարցին, թե եթե ամուսինը չէր, որտեղի՞ց է նրա լուսանկարն իրենց նոր բնակարանում, Ռեմը պատասխանեց, թե պատերազմում զոհված զինվորների նկարներն իր մայրը որպես երախտիքի նշան` պահում է իրենց տանը:

Հիշեցնենք` բնակարանները գնվել են ամերիկահայ բարերար Մանուշ Մամյանի, «Armenian Fund»-ի և «Ժոզեֆ և Ալիս Դորյաններ» հիմնադրամների միջոցներով։ Երկսենյականոց բնակարաններն ամբողջությամբ կահավորվել են և ապահովվել կենցաղային տեխնիկայով։

 

«Ժոզեֆ և Ալիս Դորյաններ» հիմնադրամի տնօրեն Մինաս Արաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց՝ հիմնադրամն այստեղ ընդհանրապես խնդիր չունի՝ բնակարանը Ռեմ Պարշկովային իրենք տրամադրել են` հաշվի առնելով վերջինիս բնակության անմարդկային պայմաններն ու անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը: Նրա խոսքով`խնդիրը բարոյական հարթությունում է՝ Ռեմի և զոհված տղայի հարազատների միջև։

 

«Ծրագրի առաջին և հիմնական չափանիշը տնակում բնակվելու հանգամանքն է, մյուս չափանիշը կարող էր լինել զոհվածի ընտանիքի փաստը, բայց այս չափանիշը պարտադիր պայման չէր: Այս աղջկան մենք ենք գտել՝ սարսափելի անմարդկային կիսաքանդ տնակային պայմաններում էր անչափահաս 3 երեխաների և հաշմանդամ մոր հետ ապրում՝ լրիվ մեր չափորոշիչներին համապատասխան։ Իրավական առումով այս աղջիկը այդ բնակարանում ապրելու խնդիր չունի» ,-նշեց Արաբյանը՝ տեղեկացնելով նաև, որ Ռեմը միայնակ մայր է, իսկ երեխան կրում է մոր ազգանունը։

Հավելենք, որ Արա Մկրտչյանի հարազատները նրա անունը շահարկելու փաստով հաղորդում են ներկայացրել ոստիկանություն: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ընթանում է քննություն: