Հաղթել են թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչներին…Ձեզ բացակա չենք դնի. Արբաթ գյուղում բացվեց Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած արբաթցի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար- հուշակոթող

Արդեն 2 օր է, Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Արբաթ բնակավայրում Հ. Զաքարյանի անվան միջնակարգ դպրոցի բակում բացված գյուղի բոլոր նահատակ հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար- հուշակոթողին են այցելում ոչ միայն տեղաբնակներ, այլև հանրապետության տարբեր մարզերից և Արցախից:

Այցելուները ծաղիկներ են խոնարհում և մեկ րոպե լռությամբ հարգում են Արցախյան առաջին, 44-օրյա պատերազմներին նահատկված լեգենդ դարձած հերոսներ, արբաթցիներ Հովիկ Զաքարյանի, Վալերի Հակոբյանի, Պավել Երիցյանի, Ժորա Չոբանյանի, Աղասի Գրիգորյանի, Դավիթ Հարությունյանի, Ֆուրման Սաֆարյանի, Բենիկ Քոչարյանի և Ռուբեն Չաթալյանի հիշատակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լեգենդ դարձած հերոսների հիշատակի խաչքար-հուշակոթողը տեղադրվել է աշխարհի, Եվրոպայի և Սովետական Միության չեմպիոն Մարգարյան եղբայրների աջակցությամբ:

Խաչքար-հուշակոթողի բացումը տեղի ունեցավ մայիսի 31-ին, որին ներկա էին հերոսների հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, ծնողներ, հերոսածին մայրեր, Արցախյան առաջին, Ապրիլյան քառօրյա, Արցախյան 44-օրյա պատերազմներին մասնակցած հերոսներ, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Մասիսի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, հյուրեր ՀՀ պաշտպանության նախարարությունից: Խաչքար-հուշակոթողի բացման պատիվը տրվեց զոհված հերոսների ծնողներին և նախաձեռնությա հեղինակին: Այնուհետև օրհնության կարգ կատարեց հոգևոր հայր ՏերԳրիգորը, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքար-հուշակոթողին:

Այնուհետև դպրոցի դահլիճում տեղի ունեցավ «Կյանքս կյանքիդ համար» խորագիրը կրող մեծարման հուշ-միջոցառում: Միջոցառման կազմակերպիչ Ս. Իսրայելյանը իր շնորհակալությունը հայտնեց ներկաներին, ովքեր համամիտ էի նրա այն մտքին, որ պատերազմներոմ նահատակված ու լեգենդ դարձած բոլոր հերոսներին, ինչպես նաև պատերազմից հաղթանակած վերադարձած բոլոր մասնակիցներին պետք է ամեն օր հիշել, որ նրանք չեն պարտվել, նրանք հաղթել են: Հաղթել են թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչներին, պարտվել է դիվանագիտությունը: Միջոցառման վերջում ՀՀ պատերազմի վետերանների կողմից եղան պարգևատրումներ, պատվոգրերի և շնորհակալագրերի տեսքով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի