Հայտնի է Արամ Սիմոնյանի մահվան պատճառը…նոր մանրամասներ

Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը, Iravaban.net-ի հետ զրույցում հայտնում են մայր բուհից։

Նշվում է, որ Սիմոնյանը մահացել է սրտի կաթվածի հետևանքով։

Արամ Սիմոնյանը պատմագետ էր, հրապարակախոս, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ։ Նա 2006 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր և հրաժարական է ներկայացրել 2019 թվականի մայիսի 23-ին։ Արամ Սիմոնյանը եղել է Հանրապետական կուսակցության անդամ։

Սիմոնյանը հեղինակ է 85 գիտական աշխատանքների, որոնցից 4-ը մենագրություններ են։

Ա. Սիմոնյանի աշխատանքային գործունեությունը, համաձայն ԵՊՀ կայքի, սկսվել է դեռևս ԽՍՀՄ տարիներին։ 1981-1983 թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, այնուհետև՝ գիտաշխատող։ 1986-2000 թթ. հանդիսացել է ԵՊՀ ԽՍՀՄ պատմության ամբիոնի ասիստենտ, այնուհետև՝ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ։

1993-1995 թթ. եղել է ԵՊՀ գիտքարտուղար, իսկ 1995-2000 թթ.՝ ԵՊՀ ուսումնական վարչության պետ։ 2000 թ., դարձել է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, իսկ 2006 թ. մայիսին ընտրվել, 2011 թ. մայիսին վերընտրվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնում։ 2008 թ հուլիսի 10-ից ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է։ 2015 թ. հունիսի 25-ին ընտրվել է Երևանի պետական համալսարան հիմնադրամի ռեկտորի պաշտոնում։

Արամ Սիմոնյանը ամուսնացած էր, ուներ երկու դուստր։