«Հարությունիս մեջ հայրենասիրությունը փոքր տարիքից էր, փորձում էր ամեն կերպ ինչ-որ ձևով մասնակից լինել հայրենիքի պաշտպանությանը: 2016թ.-ից սկսած կամավորագրվել էր Երկրապահ կամավորների ակումբ, և կարելի է ասել, որ պատրաստված զինվոր էր արդեն: 2019թ.-ի հունվարին է բանակ զորակոչվել, 6 ամիս ծառայել Էջմիածնում՝ ձեռք բերելով սակրավորի կոչում, այնուհետև տեղափոխեցին Ջրական (Ջաբրայիլ): Մենք գնացել էինք Ջրական Հարութիս տեսնելու, մի տեսակ ոնց որ ավելի հասունացած լիներ: Պատերազմը որ չլիներ, 100 օրից որդիս տանը կլիներ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Հարություն Ավետիսյանի մայրը՝ Արմիկ Պոստոյանը:
Տիկին Արմիկը պատմում է, որ Հարութը շատ էր սիրում Արցախն ու Արցախի բնությունը և մինչև վերջին շունչն էլ կռվեց իր սիրելի Արցախի համար:
«Պատերազմի առաջին իսկ օրից իմ տղեն առաջնագծում է եղել, բայց մեզ ասում էր՝ մամ ջան, ես ապահով վայրում եմ… ես հավատում էի, որովհետև նա ինձ երբեք չի խաբել: Ամեն օր զանգում էր, նույնիսկ օրեր են եղել, որ երկու անգամ է զանգել, տրամադրությունը բարձր էր, բայց ինքը ամենաթեժ կռիվների մեջ է եղել: Ընկերները պատմում են, որ Հարութը ամենադուխովն է եղել, ծառայակից ընկերներին էլ ասել է՝ տղերք, հաղթելու ենք, թող ոչ ոք չկասկածի:
Պատմում են, որ ուսապարկի մեջ գինի է ունեցել, ասել է՝ տղերք, հենց հաղթեցինք, էս գինով տոնելու ենք մեր հաղթանակը»,-շարունակում է հերոսի մայրը:
«Հոկտեմբերի 2-ին ընկել են շրջափակման մեջ, և այնպես է ամեն ինչ կազմակերպել, որ առանց զոհերի և վիրավորների դուրս են եկել շրջափակումից: Առաջին հրադադարից առաջ Հարութս զանգեց, խոսեցինք… ասաց՝ մամ ջան, ամեն ինչ լավ է լինելու, չմտածես: Ձայնի մեջ տխրություն կամ հուզմունք չեմ զգացել, անգամ չէի մտածում, որ մարտի դաշտում է:
Հոկտեմբերի 10-ին՝ առաջին հրադադարի օրն է զոհվել՝ դիպուկահարի կրակոցից:
Ես միշտ հպարտ եմ եղել, որ Հարութի մայրն եմ, հիմա էդ հպարտությունս կրկնապատկվել է, ու հետն էլ ցավ կա: Ես հպարտ եմ, որ նման որդի եմ դաստիարակել, ով գիտեր հայրենիքի գինը և ինչի համար էր կռվում:
Ասում են, որ ուժեղներին է տրված ցավը… չգիտեմ, երևի մեր տղերքի ուժն է մեզ փոխանցվել, և դեռ շարունակում ենք ապրել:
Իմ Հարութը բարձրահասակ էր, գեղեցիկ և օժտված մարդկային բարձր որակներով՝ հումորով, բարի, նվիրված, օգնող: Ուր գնար, ուրախություն ու կյանք կտաներ»,- եզրափակում է Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Հարություն Ավետիսյանի մայրը՝ Արմիկ Պոստոյանը:
Հարություն Ավետիսյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 7-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում: 2019 թվականի հունվարի 17-ին զորակոչվել է բանակ: Վեց ամիս ծառայել է Էջմիածնում որպես սակրավոր, այնուհետև տեղափոխվել Ջրական՝ ծառայությունն այնտեղ շարունակելու: Պատերազմի սկսվելուն պես եղել է առաջնագծում, հոկտեմբերի 2-ին ընկել շրջափակման մեջ և կարողացել է ծառայակից ընկերների հետ ճեղքել թշնամու գրոհը և դուրս գալ շրջափակումից: Ժամկետային զինծառայողը զոհվել է հոկտեմբերի 10-ին դիպուկահարի կրակոցից:
Հետմահու արժանացել է «Աղբյուր Սերոբ», «Մարտական ծառայություն» և «Արիություն» շքանշաններին: