«Հեռուստացույցով հաղորդում էին զոհերի անունները, 13-րդ, թե 14-ր անունը Մհերինս էր…մի ամսից ավելի մեզ հույս էինք տալիս, որ ոչ մի վատ բան չի եղել, մինչև մարմինը գտնվեց…

Հովակիմյաններն իրենց որդու զոհվելու մասին իմացել են պատահաբար՝ հեռուստացույցով լուրերը լսելիս։

53-ամյա Գայանե Սահակյանը հուզմունքով ասում է՝ աննկարագրելի ծանր պահ էր, երբ զոհված տղաների անունների մեջ հնչեց նաև որդու՝ Մհեր Հովակիմյանի անունը։

«Սեպտեմբերի 28-ին ժամը 1-2-ի կողմերն էր, հեռուստացույցով հաղորդում էին զոհերի անունները, 13-րդ, թե 14-ր անունը Մհերինս էր… Չեմ կարող բացատրել, թե էդ պահին մեզ հետ ինչ կատարվեց։ Մի ահավոր բան։ Նախ՝ ոնց որ չհավատայինք, ամուսինս ասեց՝ մի՛ հավատա, չի կարա նման բան լինի։ Հետո մի ամսից ավելի մեզ հույս էինք տալիս, որ ոչ մի վատ բան չի եղել, մինչև մարմինը գտնվեց»,- արցունքների միջից ասում է որդեկորույս մայրը։

20-ամյա Մհեր Հովակիմյանը ժամկետային զինծառայող էր, ծառայել է Մարտակերտում։ Մհերը սեպտեմբերի 27-28-ին է կռվել հակառակորդի դեմ։

Պատերազմի երկրորդ օրը զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։

Մայրը հուզմունքով պատմում է՝ հրամանատարի խոսքով՝ Մհերը կարողացել է ճիշտ հաշվարկ անել և հրետանիով հակառակորդին վնասներ հասցնել։

«Հրամանատարի ասելով՝ էդ օրը մենակ Մհերի հրետանին ա աշխատել, Մհերը և՛ հաշվարկ ա արել, և՛ կրակել։ Իրա հրամանատարն ասում էր՝ մինչև մենք դիտակետը գտնում էինք ու պետք ա ասեինք, թե որ դիտակետին ինչ չափով պետք է կրակը գնա, Մհերս արդեն հաշվարկն արած ու կրակն ուղարկած ա եղել։ ԱԹՍ-ն էլ ֆիքսել ա էրեխու հրետանին, և ուղարկել են էրեխուս կողմը»,- հուզմունքով ասում է Գայանեն։

Հովակիմյանները որդու մարմինը գտել են նոյեմբերի կեսերին։ Այդ պահից սկսած Գայանեն ասում է՝ կյանքը կանգ է առել։ «Առանց իրա մեր կյանքը կյանք չի, կեսս չկա, դատարկ ա»,- հուզմունքով ասում է մայրը։

Մհերը սիրել է արվեստը, նկարել է, որոշել էր ճարտարապետ դառնալ։ Մինչև բանակ գնալը ընդունվել էր Հայաստանի ճարտարապետության և շինարարության համալսարան։ Մայրն ասում է՝ որդին շատ նպատակներ ու երազանքներ ուներ, կիսատ մնացին։ «էնքան ընտիր գործեր ունի՝ նկարներ, դիմանկարներ, ուղեղումս չի տեղավորվում՝ ո՞նց կարա իրա նման տղան չլինի։ Ասում էր՝ գնամ բանակ գամ, առաջին կուրսս սովորեմ, իմ առաջին գործը պիտի լինի մեր տան դիզայնն անելը»,- պատմում է մայրը։

Գայանեի խոսքով՝ որդին շատ համեստ էր, լուռ, հավասարակշռված։ «Հասկանում էր՝ մեծի հետ ոնց խոսար, փոքրի հետ՝ ոնց, համբերատար էր, ընկերասեր։ Իրան նայեիր խոսեիր, կմտածեիր՝ մեծացած փոքրացած է, շատ հասկացող էր, գիտեր՝ ոնց կարելի ա բացատրել, որ դիմացինը իրանից չնեղանա կամ շատ լավ զգա իրա պահվածքից»,- պատմում է մայրը որդու մասին:

Գայանեն ասում է՝ որդու հետ ոչ թե ծնող-երեխա հարաբերություններ էին, այլ ընկերներ էին։ Որդին սիրում էր ընկերական բառերով շփվել ծնողների հետ, կատակներ անել․

«Պապային էլ «բրատ» էր ասում։ Տուն էր մտնում՝ Գայո՛ւշ ջան, տա՚նը չես, ձեն չէի հանում, ասում էր՝ մա՞մ, ասում էի՝ հա ջան, արի»։

Գայանեն ասում է՝ որդու զոհվելուց հետո տունը դատարկվել է, այլևս նախկին ուրախությունն ու երջանկությունը չկան։

«Ապրում ենք, էնքան որ գոյատևում ենք»,- ասում է մայրը ու հուզվում։

Մհեր Հովակիմյանը հուղարկավորված է Հրազդանի պանթեոնում։

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

MediaLab.am