«Հիմա նայում ես՝ դուռդ բшցող չկա, քեզ մшմա ասող չկա»…երկու զnհ՝ մի ընտանիքից

49-ամյա Արև Միքայելյանը պատերազմում կորցրել է երկու որդիներին՝ 22-ամյա Կարենին և 25-ամյա Գևորգին։ Որդեկորույս մայրը որդիների մասին խոսելիս հուզվում է. «Տունս միանգամից քանդվեց»։

Արև Միքայելյանը հուզմունքով ու երանությամբ է հիշում պատերազմից առաջ իրենց կյանքը, աշխատանքից հետո որդիների տուն մտնելը, մամա գոռալը, տան աշխուժությունը, որը հիմա դատարկության է փոխվել։

«Ամեն անգամ երանի եմ տալիս անցած տարիները, երկու ախպեր ներս էին մտնում գոռալով՝ մա՛մ, սոված մեռանք… Հիմա նայում ես՝ դուռդ բացող չկա, քեզ մամա ասող չկա։ Անընդհատ իրանց կչկչոցներն են իմ ականջին են, շատ դժվար ա, ես մինչև հիմա չեմ համակերպվում»,- ասում է ու արտասվում երկու որդիներին կորցրած մայրը։

Կարենն ու Գևորգը ծառայել են ներքին զորքերում, պատերազմի առաջին իսկ օրից առաջնագծում էին։ Սկզբում հակառակորդի դեմ կռվել են Քարվաճառում, այնուհետև՝ Շուշիում։

Մայրը պատմում է, որ հոկտեմբերի 29-ին որդիները տուն են եկել, սակայն նոյեմբերի 2-ին կրկին մեկնել են մարտի դաշտ։ Մայրը մորմոքով ասում է․

«Հրամանատարությունը որոշել էր, որ եղբայրներից մեկը պիտի գնար, բայց չգիտեմ ինչի՝ երկուսն էլ գնացին… Շատ լավ եղբայրներ էին, որոշեցին, որ իրար կողքի լինեն։ Եթե ես իմանայի, որ նման հնար կար, որ երկուսից մեկը մնար, ես մի բան կանեի»,- արցունքների միջից ասում է Արևը:

Կարենը և Գևորգը զոհվել են Շուշիում:

Եղբայրները ընտանիքի հետ վերջին անգամ կապ են հաստատել նոյեմբերի 8-ին։ Ընտանիքի անդամներին ասել են՝ շրջափակման մեջ են, բայց ամեն ինչ լավ կլինի։ «Բայց ընկերների հետ խոսելիս ասել են՝ հույս չունենք, որ ստեղից դուրս կգանք։ Ասել են՝ երևի էս մեր վերջին զանգը կլինի»։

Արևն ասում է՝ երբ նոյեմբերի 9-ին իմացել է պատերազմի ավարտի մասին, մտածել է՝ որ տղաները տուն կվերադառնան, թեկուզ վիրավոր։

«Ես չէի պատկերացնում, մեր մտքով ոչ մի անգամ չանցավ, որ երեխեքին զոհված կգտնենք, ման էինք գալիս հիվանդանոցներում, բայց ոչ մորգերում»,- ասում է մայրը։

10 օր անց Գևորգյանները գտել են որդիների մարմինները։

Որդիների ընկերները պատմել են, որ Գևորգը հնարավորություն է ունեցել փրկվելու, քանի որ ինքը ներքևում է եղել, եղբայրը՝ վերևում։ Սակայն իմանալով, որ եղբայրը վտանգի մեջ է, ինքն էլ գնացել է եղբոր մոտ, և երկու եղբայր զոհվել են միասին։

«Վազել ա, ընկերները բռնել են, բայց, ասում են՝ չկարացանք, հասել ա ախպորը, տենց էլ երկուսը հետ չեկան, մարմինները գտել էին իրար կողք կողքի՝ ձեռքերը բռնած»,- հուզմունքով ասում է մայրը ու նշում, որ սկզբնական շրջանում չէր գիտակցում, որ այն, ինչ կատարվում է, իրականություն է։

«Ես մի ամիս եղել եմ անկողնային, սիստեմաներով, ոչ «հա»-ն եմ հասկացել, ոչ «չէ»-ն»,- ասում է Արևն ու նշում՝ որ 1 տարի և ավելի անցել է դեպքից, սակայն շարունակում է սպասել որդիներին, որոնք տան հույսն ու լույսն էին։

Կարենը գերազանց սովորել է Հոկտեմբերյանի պետական քոլեջի հաշվապահական հաշվառում բաժնում, այնուհետև շարունակել տնտեսագիտական համալսարանում։ Միաժամանակ սովորել և աշխատել է ներքին զորքերում։ Կարենի եղբայրը՝ Գևորգը, վարպետացած էր մեքենաների վերանորոգման արհեստում, սկզբում զբաղվել է այդ աշխատանքով, այնուհետև եղբոր հետ միասին ներքին զորքերում ծառայության անցել։

Երկու որդիներին պատերազմում կորցնելուց հետո, Արևն ասում է՝ օրերն անցնում են գերեզման գնալով, մղկտալով, լացելով․ «Ապրում ենք, բայց չհաշվենք, որ էս ապրել ա»,- կսկիծով ասում է Արևը։

Արևին ծանր ու դաժան ապրումներում հույս է տալիս այն հանգամանքը, որ շուտով մայրանալու է, ասում է՝ որդիների զոհվելուց մեկ տարի անց ամուսնու հորդորով որոշեցին երեխա ունենալ․ «Որ գոնե ինչքան էլ ապրենք, մեզ մամա-պապա ասող լինի։ Համ էլ տանը մենակ չենք մնա»։

Կարեն և Գևորգ Գևորգյանները հուղարկավորված են Արմավիրի մարզի Խանջյան գյուղում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.