Հրաատապ…ՔՊ-ն տապալեց ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստը. եթե 4 ժամում քվորում լինի, նիստը կկայանա

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեռեւս մայիսի 27-ին հայտնել է, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու հունիսի 3-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստին, ինչը նշանակում է, որ նիստը չի կայանա՝ քվքրումի բացակայւթյան պատճառով:

ԱԺ նիստում հայտարարվեց գրանցում, ներկա էր ընդամենը 33 պատգամավոր:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «ԱԺ կանոնակարգ օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն քրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավել, քան 4 ժամ»:

Հայտարարության նածագծի տեքստը ներկայացնում ենք ստորեւ.

«Հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերությունների կապակցությամբ ՀՀ ԱԺ հայտարարությունը.

Հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Արցախի ժողովրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բազմիցս ներկայացված հիմնարար սկզբունքները՝ հայտարարում ենք․

1. Հայաստանի Հանրապետությունն աջակցելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը։ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

2. Պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը։

3. Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է բոլոր բաղադրիչներով։

4. Հայաստանի Հանրապետության հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման, հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերման նախապայմանով։

5. Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խաթարումը։

6. Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը բացառում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև՝ հայության հոգևոր, մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը։

7. Հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը միմյանց հետ շաղկապված չէ։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջազգային տրամաբանությամբ»:

ՔՊ-ն չի մասնակցելու Արցախի հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործելուն ուղղված ԱԺ արտահերթ նիստին․ Ա․ Հովհաննիսյան: