ՀՐԱՏԱՊ….Ալեն Սիմոնյանը հայտնեց, թե երբ կավարտվեն ընդդիմադիրների ակցիաները…

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ընդդիմության գործողություններին և հունիսի 3-ի արտահերթ նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության չմասնակցելու մասին հայտարարությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային ժողովի նախագահը նախ ներողություն խնդրեց քաղաքացիներից, որ ընդդիմության բողոքի ակցիայի հետևանքով ստիպված են լինում խցանումների մեջ լինել:

«Խնդրում եմ մի քիչ դիմացեք և այս ամենը կավարտվի»,- հավելեց Սիմոնյանը: Ըստ ԱԺ նախագահի՝ ընդդիմության գործելաոճը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողություններ հետ համահունչ են:

«Ակնհայտ է, որ այդ գործողությունները համատեղ են իրականացվում: Ինձ համար առնվազն ակնհայտ է»,- ավելացրեց Սիմոնյանը:

Ինչ վերաբերվում է հունիսի 3-ի արտահերթ նիստին, Ալեն Սիմոնյանը դա համարում է ընդդիմության հերթական փորձը ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար:

«Այն որ Իշխան Սաղաթելյանը բեմից ամեն անգամ ինչ-որ ժամկետներ է նշում՝ օրեր մնացին, ժամեր մնացին, մի քիչ էլ դիմացեք, նրանք չե՞ն հասկանում, որ իրենց այդ բառերով մտնում են փակուղի և կանգնել են փակուղու առաջ: Հիմա փորձում են այդ փակուղուց ինչ-որ ելք գտնել, բայց ամեն անգամ իրենց երթերը, ցույցերը, ելույթները լսելով՝ ուղղակի ապշում եմ, թե ոնց կարելի է անընդմեջ 20-30 տարվա սխալների ցիկլի մեջ ընկնել ու կրկնել: Ես նրանց հաջողություն եմ մաղթում, դա նրանց պետք է»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը հունիսի 3-ի արտահերթ նիստը կեղծ գործընթաց է որակում, նշելով, որ այն միտված է ընդդիմության երեսը փրկելու, քանի որ իրենք հայտարարել են, որ դուրս են գալիս փողոց և հետ չեն վերադառնալու:

«Մենք Արցախի բանակցությունների հետ կապված բոլոր գործընթացները մաքսիմալ թափանցիկ ներկայացրել ենք: Ինչո՞ւ եմ ասում մաքսիմալ, որովհետև կան ինչ-որ բաներ, որ չես կարող ինչ-որ պահի ասել, որպեսզի բանակցային գործընթացը չխաթարվի, բայց ընդհանուր առմամբ մեր ժողովրդին ամեն ինչ ասվում է, և վարչապետը բազմիցս ասել է, որ որևիցե գործընթաց, որը չի ներառի Արցախի ժողովրդի կարծիքը, չի ներառի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարծիքը, չի լինելու և չկա»,- եզրափակեց Սիմոնյանը:

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, որոնք շուրջ մեկ ամիս է, ինչ փողոցային պայքար են սկսել իշխանափոխության պահանջով, հունիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստ են նախաձեռնել, որի օրակարգում հայտարարության նախագիծ Է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կարմիր գծերի և հիմնական սկզբունքների վերաբերյալ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին: