Հրատապ…Նիկոլ Փաշինյանի և Սերգեյ Լավրովի այցից բացառիկ մանրամասներ…քննարկվել է Արցախի հարցը…կողմերը պայմանավորվել են…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի Սերգեյ Վիկտորի,

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել:

Ռուսաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ և դաշնակիցներ են, և, իհարկե, դա ենթադրում է, որ երկկողմ այցերի ինտենսիվությունն ու շփումները պետք է բավական բարձր լինեն, ու մենք դա տեսնում ենք: Մեր հարաբերությունների օրակարգը շատ լայն է ու բազմակողմ. դա և՛ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր են, և՛ տարածաշրջանային, միջազգային հարցեր: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն կլինի քննարկել մեր հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Այս պահին մեր օրակարգի գլխավոր հարցը կապված է տարածաշրջանային իրավիճակի և անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ: Մենք, իհարկե, Ռուսաստանի հետ բավական ինտենսիվորեն քննարկում ենք այդ հարցը, այլ հարցեր ևս: Օրինակ՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը. վերջերս Մոսկվայում կայացավ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի գլխավորությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը: Հուսով եմ՝ մոտ ապագայում կհաջողվի կոնկրետ համաձայնությունների գալ և լուծել ռազմավարական կարևորություն ունեցող այդ հարցը՝ ի շահ ողջ տարածաշրջանի, հանուն կայունության և խաղաղության:

Շատ կարևոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օրակարգը: Գիտեք, որ վերջերս կայացավ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի երկկողմ աշխատանքային հանձնաժողովի առաջին հանդիպումը: Արդեն պլանավորված է, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, և երրորդ հանդիպումը կկայանա Բրյուսելում: Այս համատեքստում ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը, որպեսզի այս գործընթացը տեղի ունենա ու ընթանա բնական ճանապարհով և լինի արդյունավետ:

Ցանկանում եմ նաև նշել ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի հարցը, որոնք առայսօր գտնվում են Ադրբեջանում՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Այս հարցում ևս ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը, որպեսզի այս հումանիտար հարցը վերջապես ամբողջական լուծում ստանա:

Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և վստահ եմ, որ այսօր արգասաբեր բանակցություններ կունենանք»:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Շատ շնորհակալություն Հայաստանի Հանրապետություն մեր հագեցած այցի շրջանակում Ձեզ հետ հանդիպելու հնարավորության համար: Վլադիմիր Վլադիմիրի Պուտինն ամենաջերմ ողջույններն ու լավագույն բարեմաղթանքներն է հղում Ձեզ և վերահաստատում հանձնառությունն բոլոր այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել ձեր շփումների ընթացքում՝ հատկապես այս տարվա ապրիլին Ռուսաստանի Դաշնություն Ձեր պաշտոնական այցի շրջանակում: Դուք նաև հանդիպում եք ունեցել Մոսկվայում՝ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում, բազմիցս հեռախոսազրույցներ եք ունեցել:

Մենք հավատարիմ ենք բոլոր այն որոշումներին, որոնք նպատակաուղղված են մեր ռազմավարական գործընկերության, դաշնակցային գործակցության խորացմանը և ընդհանուր առմամբ մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Այսօր մենք Արարատ Սամվելիի հետ մանրամասն քննարկել ենք, թե դուք՝ բարձրագույն մակարդակով ինչ խնդիրներ եք մեր առջև դրել, և գիտեմ, որ Տնտեսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ևս այդ աշխատանքն առաջնահերթությունների շարքում է:

Բայց, անկասկած, հարգելի Նիկոլ Վովայի, ինչպես և նշեցիք, տարածաշրջանային հարցերը հիմա առանձնահատուկ ուշադրության են արժանի: 2020 թվականի նոյեմբերի, 2021 թվականի հունվարի և նոյեմբերի եռակողմ հայտարարությունների իրականացումը մեր առաջնահերթությունն է: Մենք նպատակադրված ենք, որ այնտեղ ամրագրված բոլոր ուղղություններն ու գործողությունները՝ միտված տարածաշրջանում իրավիճակի ամբողջական նորմալացմանը, բոլոր խնդիրների, ներառյալ հումանիտար հարցերի կարգավորմանը, լուծվեն ամենասեղմ ժամկետներում: Ինչպես և Դուք հիշատակեցիք, փոխվարչապետերի մակարդակով գործող՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գծով եռակողմ աշխատանքային խումբը գտնվում է վերջնական պայմանավորվածությունների կոնկրետ ասպեկտների համաձայնեցման առաջանցիկ փուլում: Քննարկել ենք, թե լրացուցիչ ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, և Ձեզ կզեկուցենք այդ մասին:

Նույնը վերաբերում է նաև դելիմիտացիային: Ողջունում ենք երկու՝ և՛ ձեր, և՛ ադրբեջանական հանձնաժողովների աշխատանքի մեկնարկը: Հիմնադիր նիստը, հանդիպումը կայացավ, և մենք դա շատ կարևոր ենք համարում: Կսկսենք արդեն պատրաստվել Մոսկվայում հանդիպմանը՝ ռուսաստանյան ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք, ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան, խորհրդատվական ծառայություններ կտրամադրեն, ներառյալ քարտեզագրական նյութեր:

Ընդհանուր առմամբ մենք հետաքրքրված ենք, որպեսզի մեր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լիովին կարգավորվեն: Իհարկե, ծանոթ ենք առաջարկություններին, որոնք Ադրբեջանն է ներկայացրել այդ համատեքստում, ծանոթ ենք նաև ձեր դիրքորոշումներին, որ գրավոր եք ներկայացրել, և Ռուսաստանը պատրաստ կլինի ձեռնարկել հնարավոր ամեն ինչ՝ փոխադարձ համաձայնության հասնելու ուղղությամբ: Եվ, ինչպես արդեն ասացի, նպատակադրված ենք առանց բացառության բոլոր պայմանավորվածությունների լիարժեք կատարմանը: Մեզ համար առանձնահատուկ կարևոր է, որ հնարավորություն ունենք այսօր լսելու Ձեր գնահատականները և ևս մեկ անգամ շնորհակալություն այս հանդիպման համար»:

Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական գործակցությանը, տարածաշրջանային կայունության և խաղաղության օրակարգին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման գործընթացին վերաբերող հարցեր:

ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համատեքստում ՀՀ վարչապետն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևոր դերակատարումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև գիտակրթական, մշակութային կապերի զարգացման շուրջ: Սերգեյ Լավրովը բարձր է գնահատել հայկական կողմի վերաբերմունքն ու հյուրընկալությունը վերջին շրջանում Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիների նկատմամբ: