Բնության մեջ տեղի են ունենում պայթյունով ուղեկցվող բազմազան երևույթներ։ Հզոր էլեկտրական պարպումները մթնոլորտում ամպրոպի (կայծակի) ժամանակ, հրաբուխների հանկարծակի ժայթքումը, խոշոր երկնաքարերի անկումը Երկրի մակերևույթի վրա պայթյունի տարբեր տեսակների օրինակներ են։

Իրենց մասշտաբով հսկայական պայթյուններ են գունոլորտային բռնկումները Արեգակի վրա, որոնց դեպքում անջատվող էներգիան հասնում է ~1017 ջոուլի։ Տիեզերական տարածությունում տեղի ունեցող ահռելի պայթյունի բնույթ ունեն նոր աստղերի բռնկումները, երբ մի քանի ժամվա ընթացքում անջատվում է 1038-1039 ջոուլ էներգիա (այդքան էներգիա Արեգակը ճառագայթում է 10-100 հազար տարվա ընթացքում)։

Վերջապես, մարդու երևակայության սահմաններից դուրս եկող պայթյուններ են գերնոր աստղերի բռնկումները (էներգիան հասնում է ~1043 ջոուլի) և որոշ գալակտիկաների միջուկներում տեղի ունեցող պայթյունները (1050 ջ)։

Պայթյունների բնորոշ առանձնահատկությունը էներգաանջատման բացառիկ կարճատևությունն է։ Եթե, օրինակ, պայթյունը տեղի է ունենում հոծ միջավայրում, ապա էներգիան անջատվում է նախքան միջավայրի շարժում ստանալը։

Պայթյունի կարևոր բնութագրերից է էներգաանջատման խտությունը, որը հավասար է պայթյունի էներգիայի և այն ծավալի հարաբերությանը, որտեղ ընթանում է էներգիայի անջատումը։

Պայթյունները խաղաղ նպատակներով լայն կիրառություն են գտել գիտական հետազոտություններում և արդյունաբերության մեջ։ Պայթյունի ազդեցությամբ նյութը կարող է հանդես գալ այնպիսի վիճակներում,

որոնք անհասանելի են հետազոտման այլ եղանակների դեպքում, ուստի այն հնարավորություն է տվել զգալի առաջընթացի հասնել բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում գազերի, հեղուկների և պինդ մարմինների հատկությունների ուսումնասիրման ասպարեզում։