«Մենք բոլորս կանգնած ենք օրհասական մարտահրավերների առաջ. Արման Թաթոյան (տեսանյութ)

Վաղուց էի ուզում հանրային քննարկում անցկացնել, բայց որպես մարդու իրավունքների պաշտպան իմ կարգավիճակը թույլ չէր տալիս, որ հանրության հետ երկխոսության միջոցով քննարկենք խնդիրներն ու առաջարկենք լուծումները։ Այս մասին ասել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ով հանրային քննարկում է կազմակերպել Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում:

«Մենք բոլորս կանգնած ենք օրհասական մարտահրավերների առաջ՝ սկսած երկրի կառավարման խորքային խնդիրներից մինչև անվտանգության հարցեր»,- նշել է նա՝ հավելելով, որ մեր երկրում ներքին համերաշխություն այլևս չկա, ժողովուրդը պառակտված է։

Արման Թաթոյանը լուրջ խնդիրներ է տեսնում երկրի ներսում կառավարման առումով.

«Արտաքին թշնամուն թողած՝ երկրի ներսում ժողովրդին բաժանել են սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների։ Հայաստանի Հանրապետությունում այսօր տեղի է ունենում պետության պարզապես կուսակցականացում, իշխանությունը գտնվում է մեկ քաղաքական ուժի ձեռքում, պետական մարմինները ծառայեցվում են մեկ կուսակցության շահերին, պետական ինստիտուտներն օգտագործվում են այդ քաղաքական ուժի հնարավարությունը մեծացնելու համար»: