Բարձրահասակ, գեղեցիկ, անչափ խելացի և հայրենասեր, ահա այսպիսին էր մեր հերոսը։ Նա Աբրահամն է, իրական հայրենասերը և նվիրյալը, գիտելիքի հզոր զենքով և գեղեցիկ ժպիտով։ Ուժեղ կամք, հաստատակամություն, մտքի թռիչք… Ահա նրա որակական հատկանիշները:
Այսօր Աբրահամի ծննդյան օրն է․ նա կդառնար 29 տարեկան
Աբրահամ Արտաշեսի Բարնջյան, ծնվել է 1993թ մայիսի 12-ին Արագածոտնի մարզի Արտենի գյուղում, սովորել Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում, դպրոցն ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2010թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։
Ընդունվելուց կես տարի անց զորակոչվել է, ծառայել Ռուսաստանի Դաշնության Արտաշատի սահմանապահ զորամասում։ 2013 թվականից նույն զորամասում ծառայությունը շարունակել է որպես պայմանագրային զինվորական, և 2016 թվականին զորացրվելով, շարունակել է ուսումը Երևանի պետական համալսարանում՝ ուսումը համատեղելով աշխատանքի հետ։ 2016 թվականի նոյեմբերի 27-ին նա երդում տվեց և ընդունվեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Թալինի «Արամ» կոմիտեության շարքերը։ 2019 թ. մարտ ամսից Աբրահամը ընդգրկվում է «ՀՅԴ Կամավորական շարժում» հասարակական կազմակերպությունում, և պատերազմի առաջին օրերին այդ կազմակերպության և իր մարտական ընկերների հետ մեկնում է Արցախ:
Աբրահամի համար «հայրենիք», «հայրենասիրություն» պարզապես հասկացություններ չէին, այլ վեհ գաղափարներ, ինչը կրում էր ամբողջ հոգով և էությամբ: Հայրենասիրության ամենաթանձր գույնը խտացված էր Աբրահամի մարդ-հայրենասերի կերպարում: Պատերազմը սկսվելու հենց առաջին օրը Աբրահամը գիտակցված կամավորագրվել և մեկնել է Արցախ:
Եղբայրը պատմում է.
-Երբ զանգեց, միանգամից ասաց. «Թշնամին հարձակվել է, ես գնում եմ պատերազմ, սկսվել է…»:
Կամավորագրվելուց և մեկնելուց առաջ Աբրահամը ասել էր. «Ես գնում եմ, բայց դուք չմտածեք, որ չեք գալու, դուք էլ եք մեզ միանալու»: Սա գիտակցված քայլ էր…
Մարտական թեժ գործողություններ են ընթացել Վարանգաթաղում, Աբրահամը աչքի է ընկել իր արիությամբ, անձնուրաց պայքարով՝ անտեսելով մահը:
Արցախյան 44-օրյա պատերազմի տասներորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, հերոսի մահով ընկավ կամավորական Աբրահամ Բարնջյանը՝ թշնամու ձեռքն անցած Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը գրոհելիս։ Վարանգաթաղի ճակատամարտում նրա հետ անմահացան տասնյակ հերոս դաշնակցականներ։
Նյութը՝ erablur.am