Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոչ Նիկոլ Փաշինյանին. հրաժարվեʹք պարգևավճարներից հօգուտ դիրքապահների. ԱԺ պատգամավորներից մեկը գրառում է կատարել և տեղեկացրել, որ Ամանորին ընդառաջ մեր սահմանի անառիկությունն ապահովող դիրքապահները և պայմանագրային զինծառայողներն ստացել են ընդամենը 4000 դրամ պարգևավճար… Այո՛, 4000 դրամ… Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա սա գործող իշխանությունների խայտառակությունն ու անամոթությունն է…


Ես վաղուց էի հասկացել, որ, այսպես կոչված, «Թավշյա հեղափոխությունը» հասարակությունն իրականացրեց, որ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի դիլետանտ և անգրագետ թիմը մեր հաշվին վայելի կյանքը, բայց ես չէի պատկերացնում, որ պետական բյուջեի թավշյա «թալանը» այն մակարդակի է հասնելու, որ իշխանություններն ընդամենը գրոշներ են նետելու իրենց կյանքը մեր անվտանգության համար վտանգող զինվորականներին…

Ազգովի հեղափոխություն արեցինք, որ Փաշինյանի թավշյա նախարարներն ստանան 1,5 միլիոն դրամ աշխատավարձ, թավշոտ փոխնախարարները և մարզպետները՝ 1 միլիոն դրամ… Էլ չեմ ասում պարգևավճարների մասին… Հետաքրքիր է` վերը նշված անձինք կամ, ասենք` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով միայն 2019-ի դեկտեմբերին ստացել է 2 միլիոն 976 հազար 300 դրամ պարգևավճար, կամ, ժամանակին Մեծամորում բնակվող միայնակ զինվորական հոր խնդիրների մասին ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանին հարց տվող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը և նրա կուսակից ընկեր Ալեն Սիմոնյանը, ովքեր նույն դեկտեմբերին ստացել են 2 միլիոն 222 հազար 304 դրամ պարգևավճար, ինչպես են հանգիստ քնում` իմանալով, որ իրենց և իրենց ընտանիքների հանգիստ քունն ապահովող մարդիկ ստացել են 4000 դրամ պարգևավճար… Սա անընդունելի է…

Կոչ եմ անում Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանին իր կուսակից ընկերների կողմից ստացված պարգևավճարների 50 տոկոսն ուղղել մեր դիրքապահների և պայմանագրային զինծառայողներին մարդավայել պարգևավճարներ տրամադրելուն…
Կոչս վերաբերվում է նաև ԱԺ-ում այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ևս, ովքեր այս մեկ տարվա մեջ իշխանական երեսփոխանների հետ հավասար պարգևավճարներ են ստացել…

Besuch des Ministerpräsidenten von Armenien, Nikol Pashinyan, im Kölner Rathaus

Հ. Գ. Բանակը չեն սիրում հայտարարություններով, նախորդների պայմանագրերի արդյունքում ստացված զինտեխնիկայով հպարտանալով, այլ՝ գործով… Այս պահին այդ «գործը»՝ մարդուն նսեմացնող 4000 դրամ պարգևավճար տալն է… Իսկ նսեմացվողը՝ մեր դիրքապահներն ու պայմանագրային զինծառայողներն են, որոնք մեր երկրի համար հազարապատիկ ավելի բան են անում, քան պարոն Փաշինյանի 90 տոկոս թիմակիցները, ովքեր հարմարավետ դիրքավորվել են երկրի կառավարման բոլոր օղակներում և շատ դեպքերում տարրական ձրիակերության համար ահռելի գումարներ են ստանում…»: