Կարդացեք նաև՝

Նիկոլ Վովայի Փաշինյան (հունիսի 1, 1975[4][5], Իջևան), հայ լրագրող, պետական, քաղաքական և կուսակցական գործիչ, Հայաստանի գործող վարչապետ[6][7], ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ[8]։ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է դարձել Հայաստանում 2018-ին սկսված ժողովրդական շարժման արդյունքում[9]։ Նրա պաշտոնավարման շրջանում Հայաստանը պարտություն է կրել հայ-ադրբեջանական պատերազմում և Արցախի զգալի տարածքների կապիտուլյացիայի համաձայնագիր է ստորագրվել[10][11]։

1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչև վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր՝ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև «Իմպիչմենտ» (հիմնադրված՝ 2007 թվական) և «Ելք» դաշինքների համահիմնադիր։ Ի սկզբանե հանդես է եկել որպես Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման կողմնակից՝ անդամակցելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը։

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ընդունել է ընդդիմադիր կեցվածք, նախաձեռնել և մասնակցել բազմաթիվ համաժողովրդական ընդվզումների։ 2008 թվականի ընտրություններից հետո «Հայ ազգային կոնգրեսի» նախաձեռնությամբ Երևանում սկսվում են բողոքի ցույցեր ընդդեմ նորընտիր իշխանությունների և քվեարկության ընթացքում նկատված խախտումների։ Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվում է 10[12] և վիրավորվում մոտ 300 մարդ։ Նիկոլ Փաշինյանը այս դեպքերի կապակցությամբ հրապարակայնորեն մեղադրում է գործող իշխանություններին, որի արդյունքում վերջինս հայտնվում է ոստիկանական հետախուզման մեջ։ 2008 թվականի մարտի 2-ից անցնում է ընդհատակյա գործունեության, իսկ 2009 թվականի հուլիսի 1-ին ձերբակալվում է։ 2011 թվականի մայիսի 28-ին Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում ազատ է արձակվում։

Ազատություն վերադառնալուն պես Փաշինյանը շարունակում է իր ընդդիմադիր քաղաքական գործունեությունը։ 2012 թվականի մայիսի 6-ին ՀԱԿ համամասնական ընտրացուցակով ընտրվում է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։ Օրենսդիր մարմնում հատկապես աչքի է ընկնում գործող կարգերի և իշխանությունների դեմ ուղղված քննադատական ելույթներով, ինչպես նաև լիբերալ և արմատական դիրքորոշմամբ։ 2015 թվականի մայիսի 30-ին Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է լինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրմանը։

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր»-ը կոալիցիոն պայմանագիր է կնքում «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ՝ ստեղծելով «Ելք» դաշինքը։ Վերջինս էլ ստանձնում է նորաստեղծ քաղաքական ուժի ղեկը՝ Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի հետ մեկտեղ։