Նոր վարակ, նոր միֆեր․ ինչ գիտենք «Կապիկի ծաղկի» միֆերի մասին

«Կապիկի ծաղիկ» հիվանդության արդեն հարյուրի հասնող դեպքեր վերջին շաբաթների ընթացքում գրանցվել են աշխարհի շուրջ մեկ տասնյակ երկրներում՝ առաջացնելով հնարավոր նոր համավարակի վտանգ և դառնալով նոր միֆերի և ապատեղեկատվության տարածման առիթ։

Հիվանդության դեպքեր Հայաստանում և տարածաշրջանում դեռևս չեն գրանցվել, սակայն տեղեկատվական հարթակներում արդեն իսկ տարածվում են կեղծ տեղեկություններ և դավադրության տեսություններ «Կապիկի ծաղկի» մասին։

Ինչ գիտենք

Հիվանդությունը փոխանցվում է անմիջական ֆիզիկական շփման և օդակաթիլային ճանապարհով։ Վարակը մինչ այս առավելապես տարածված էր Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայում․ վերջին դեպքերը, սակայն, գրանցվել են մարդկանց մոտ, որոնք Աֆրիկայում չեն եղել և շփում չեն ունեցել այնտեղ եղած անձանց հետ։

Ինկուբացիոն (գաղտնի) շրջանը տևում է 5-21 օր, հիմնական ախտանշաններն են ջերմությունը, մեջքի, գլխի, մկանների ցավը, դողը և հոգնածությունը։

Այն երկրներին, որոնք ծաղիկի դեմ պատվաստանյութեր ունեն, Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը խորհուրդ է տալիս դիտարկել վարակվածների հետ սերտ շփումներ ունեցածներին պատվաստելու հարցը։ Կենտրոնը նշում է, որ եթե հակավիրուսային դեղամիջոցները հասանելի են, ապա դրանք պետք է դիտարկել ծանր դեպքերի բուժման համար։

«Կապիկի ծաղիկ» vs Կորոնավիրուս

«Կապիկի ծաղիկը», ի տարբերություն կորոնավիրուսի, չի համարվում վարակիչ մինչև ախտանշանների զարգացումը, այն համեմատաբար ավելի թույլ վարակիչ է, քան բնական ծաղիկը կամ կարմրուկը։

«Կապիկի ծաղիկ» վարակի վերջին բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն վարակը նոր չէ և պատկանում է հարուցիչների այն խմբին, որոնք ծաղիկ հիվանդությունն են առաջացնում։ Բնական ծաղիկը, որը պատվաստումների արդյունքում այլևս չի հանդիպում, ուներ մահացության մինչև 30 տոկոս ցուցանիշ, իսկ վերջին տարիներին «Կապիկի ծաղկի» դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մահացությունը միջինում 3-6 տոկոս է, ավելի վաղ գրանցված դեպքերի պարագայում այս ցուցանիշն անցնում էր 10 տոկոսը։

Թեև «Կապիկի ծաղկի» մահացության աստիճանը համեմատաբար ավելի բարձր է, քան կորոնավիրուսինը, ըստ մասնագետների, այս վարակը ավելի հեշտ կառավարելի է, քանի որ ավելի պակաս վարակիչ է, իսկ դեպքերը բացահայտելը ավելի հեշտ է՝ նկատելի ախտանշանների պատճառով։

«Կապիկի ծաղիկը» պակաս վտանգավոր է, քան բնական ծաղիկ հիվանդությունը։ Եվրոպայում հայտնաբերված դեպքերը դեռևս մահվան չեն հանգեցրել։

Միֆեր․ «թիրախային խմբում են գեյերը»

Վարակի գրանցման առաջին դեպքերին զուգահեռ՝ տարածվեցին տեղեկություններ, թե հնարավոր է, որ «Կապիկի ծաղիկը» տարածվում է սեռական ճանապարհով և որ թիրախային խմբում են ԼԳԲՏ համայնքի անդամները։

Այս պնդումները, սակայն, կեղծ են։ Ինչպես նշվեց, վարակը տարածվում է անմիջական շփման միջոցով, վարակվել կարելի է նաև վարակակրի հագուստի, իրարի հետ շփումից։ Իսկ ԼԳԲՏ համայնքի թիրախավորումը կապված է նրա հետ, որ Մեծ Բրիտանիայում և Նիդեռլանդներում վարակված անձանցից մի քանիսը նույնասեռականներ էին, որոնք հիմնականում շփում էին ունեցել միմյանց հետ։

ՄԱԿ-ի առողջապահության փորձագետները արդեն անհանգստություն են հայտնել, որ մեդիայում խտրական վերաբերմունք և կարծրատիպեր են տարածվում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ, թեև վարակի տարածման աղբյուրը և պատճառները դեռևս բացահայտված և ապացուցված չեն։

«Վարակը տարածվել է Աստրազենեկայից»
Արտասահմանյան մեդիայից և սոցիալական ցանցերից հայ օգտատերերին հասած այս պնդման հիմքում վարկածն է, թե «շիմպանզեի ադենովիրուսի վեկտորը», որն օգտագործվում է «Աստրազենեկա» պատվաստանյութի ստեղծման համար, դարձել է «Կապիկի ծաղիկ» հիվանդության բռնկման պատճառ։ Իրականում, սակայն, շիմպանզեի ադենովիրուսը և «Կապիկի ծաղիկ» վիրուսը տարբեր վիրուսներ են։

Ծաղկի վիրուսը առաջանում է վայրի կենդանիների մոտ և որոշ դեպքերում անցնում է մարդկանց, մինչդեռ ադենովիրուսը շիմպանզեների՝ իրար միջև տարածվող վիրուս է, իսկ «Աստրազենեկայի» համար օգտագործվել է թույլ և անվնաս ադենովիրուս, որը չի կարող վարակել մարդկանց, առավել ևս չի կարող առաջացնել ծաղկի վիրուս։

«Միս ուտելը ծաղկի վիրուսի պատճառ է դառնում» vՍոցիալական ցանցերի առավել տարօրինակ պնդումներից է այն, թե իբր Մեծ Բրիտանիայի առողջապահական մարմինները զգուշացրել են, որ միս ուտելը կարող է հանգեցնել «Կապիկի ծաղկի»։

Իրականում, սակայն, սոցիալական ցանցերի օգտատերերը մանիպուլացրել են NHS-ի հայտարարությունը, ըստ որի՝ վարակվել հնարավոր է նաև վարակված վայրի կենդանու՝ ոչ լավ եփված միս ուտելու դեպքում։ Սա վերաբերում է հիմնականում աֆրիկյան երկրներին, որտեղ վայրի կենդանիների մոտ վաղուց արդեն գրանցվել են «Կապիկի ծաղիկ» վիրուսի դեպքեր։ Նման դեպքեր դեռևս չեն գրանցվել Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայից դուրս։

Ի դեպ, չնայած անվանմանը, «Կապիկի ծաղկի» տարածման հիմնական «մեղավորները» միայն կապիկները չեն։ Վարակը հայտնաբերվել է մի շարք այլ վայրի կենդանիների մոտ։