Ութ զոհ, հազարավոր տարհանվածներ, կրակի հարյուրավոր օջախներ, տապալման եզրին գտնվող արձակուրդային սեզոն. սա է անցած շաբաթ Թուրքիայի հարավում և հարավ-արևմուտքում ծագած անտառային հրդեհների հետևանքների նախնական ամփոփումը։

Հրդեհները, որ սկիզբ էին առել Անթալիա հանգստավայրին հարող Մանավգաթ քաղաքի մերձակայքում, արագորեն տարածվեցին նաև Մարմարիս և Բոդրում քաղաքների շրջակայքում։

Կրակի չդադարող տարածման ֆոնին տեղական իշխանությունները ստիպված էին տարհանել զբոսաշրջիկներին, այդ թվում այս հանգստավայրերի մշտական այցելուների մեջ մեծ թիվ կազմող բրիտանացի տուրիստներին և այստեղ անշարժ գույք ձեռք բերած անգլիացի թոշակառուներին։

«Պետք է ասեմ, որ ըստ իս, [փրկարարական] ծառայությունները, հրշեջները, ուղղաթիռներն ու կամավորները հիանալի գործ են կատարում», — Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշել է Մարմարիսի բրիտանացի բնակիչներից մեկը։

Հրդեհների 100-ից ավելի օջախները չեզոքացնելու գործում ներգրավված տեխնիկայի և մարդուժի ծավալն իրոք տպավորիչ է։ Ըստ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարության, այս պահի դրությամբ հրդեհների դեմ պայքարում ներգրավված է շուրջ 4 հազար 800 հրշեջ և փրկարար,16 օդանավ և 45 ուղղաթիռ։

Այլ հարց է, որ ներգրավված տեխնիկայի զգալի մասը թուրքական չէ։ Միայն Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը անտառային հրդեհների դեմ պայքարի նպատակով 11 միավոր ավիացիոն տեխնիկա է ուղարկել Թուրքիա, այդ թվում՝ աշխարհի խոշորագույն հրշեջ օդանավերից մեկը՝ ԻԼ-76-ը։

Շաբաթ օրը Ռուսաստանի նախագահը իր թուրք պաշտոնացկի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացել էր անհրաժեշտության դեպքում անգամ մեծացնել տրամադրվող օժանդակության ծավալները։ Հրդեհների դեմ պայքարում Թուրքիային օժանդակում է Ադրբեջանը, օգնություն են առաջարկել Իրանն ու Վրաստանը։ Բայց նույնիսկ նման մեծածավալ միջազգային օգնության պայմաններում կրակի օջախներն ամբողջությամբ չեզոքացնել թուրքական իշխանություններին չի հաջողվում։

Դա է պատճառը, որ Անկարան պաշտոնապես դիմել է ԵՄ՝ ակտիվացնելով քաղաքացիական պաշտպանության միասնական համակարգը։

«Այդ մեխանիզմի շրջանակներում եվրոպական երկու պետություններ՝ Իսպանիան և Խորվաթիան, Canadair մակնիշի երեք հրշեջ օդանավեր են ուղարկում Թուրքիա», — հայտարարել է ԵՄ ճգնաժամային կառավարման գծով հանձնակատար Յանեշ Լենարչիչը։

Հրդեհների որոշակի տեղայնացման ֆոնին Թուրքիայում քննարկումների հիմնական թեման դարձել են դրանց ծագման պատճառները։ Մի քանի օր առաջ, երբ աղետը դեռ նման ծավալի չէր հասել, Թուրքիայի նախագահը հանձնարարել էր երկրի դատախազությանը հետաքննել հրդեհի արհեստածին լինելու վարկածը։ Վերջին օրերին թուրքական որոշ շրջանակներում այս ենթադրությունները է’լ ավելի ամրապնդվեցին։

Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ իշխանամետ Yeni Safak պարբերականը հրապարակեց «Քրդական բանվորական կուսակցության» (PKK) հետ ենթադրյալ առնչություններ ունեցող մի կազմակերպության՝ «Կրակի զավակներ» կոչվող կառույցի հայտարարությունը, որով այն ստանձնում էր Թուրքիայում ծագած հրդեհների պատասխանատվությունը։

«Թուրքական ռեժիմը ուժից բացի այլ լեզու չի հասկանում, ուստի եկել է նրան կրակի միջոցով ծնկի բերելու պահը», — նշված էր հայտարարության մեջ։

Հրդեհներից տուժածները, սակայն, այս վարկածին փոքր-ինչ թերահավատորեն են վերաբերում՝ նշելով, որ, իրենց տպավորությամբ, կրակի արագ և անկառավարելի տարածման գլխավոր պատճառը եղանակային պայմաններն են։

«Ես հասկանում եմ, որ նախագահ Էրդողանը որոշ մեղավորների է պատասխանատության ենթարկում սաբոտաժի համար, սակայն իմ պատկերացմամբ, այս ամենի գլխավոր պատճառը եղանակն է։ Շատ շոգ է, իսկ մենք շրջապատված ենք անտառներով», — նշել է Մարմարիսի բրիտանացի բնակիչներից մեկը։