Ո՞ր հիվանդությունների դեպքում է կանաչեղենն օգտակար

Ոչ մի կերակուր առանց խոտերի լիարժեք չէ: Այս բույսերը ոչ միայն ճաշատեսակն ավելի համեղ են դարձնում, այլեւ պաշտպանում են հիվանդություններից, «Արգումենտներ եւ փաստեր»-ին ասել է սննդաբան Տատյանա Զալյոտովան:

Օրինակ՝ սամիթը շատ օգտակար է հիպերտոնիկ հիվանդների համար: Ազոտային միացությունների շնորհիվ այն օգնում է լայնացնել անոթները եւ իջեցնել արյան ճնշումը, ինչպես նաեւ միզամուղ ազդեցություն ունի:

Իսկ կանաչեղենի մեջ հակաօքսիդանտների չեմպիոնը մաղադանոսն է։ Այն ամրացնում է տեսողությունը (վիտամին A-ի, լյուտեինի եւ զեաքսանտինի առատության շնորհիվ) եւ ոսկորները (վիտամին K-ի շնորհիվ) եւ իմունիտետը (քանի որ հարուստ է վիտամին C-ով): Մաղադանոսը կարեւոր է նաեւ գեղեցկության եւ երիտասարդության համար, քանի որ օգնում է կոլագենի սինթեզմանը։

Անանուխը հանգստացնող, հակաբորբոքային, ցավազրկող ազդեցություն ունի, բարերար ազդեցություն ունի մարսողական համակարգի վրա։

Պակաս օգտակար չէ ռեհանը, որն հակաբակտերիալ, հակավիրուսային, միզամուղ, ցավազրկող հատկություն ունի:

Ֆենխոլի շնորհիվ ռեհանը բարելավում է մտավոր աշխատանքը եւ նույնիսկ կարող է կանխել Ալցհեյմերի հիվանդությունը։ Այս խոտը նաեւ հիանալի խորխաբեր է:

Համեմը, իր հերթին, որպես սրտի, արյան անոթների, հոդերի, ոսկորների հիվանդությունների, դեմենցիայի, աչքերի պաթոլոգիայի եւ քաղցկեղի կանխարգելիչ է ծառայում: Նպաստում է իմունիտետին, պաշտպանում է լյարդը։