Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են Volkswagen Golf և ВАЗ 21012 ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հաևանությամբ գործող «Մաքս» բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները;

Օպերատիվ են գործել Գավառի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին, մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի,

դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին,

որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը։ Փրկարարները վիրավորներին շտապօգնության ավտոմեքենաներին

մոտեցնելուց հետո հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: