Ցրված սկլերոզ. երիտասարդների հիվանդություն. ի՞նչ գիտենք ու ի՞նչ պետք է անել. զրույց՝ պրոֆեսոր Մանվելյանի հետ

«Ցրված սկլերոզ». հիվանդություն, որը շատ հաճախ նույնականացում են շատերին հայտնի հիշողության կորստի հետ, մինչդեռ, ցրված սկլերոզը որևէ կապ չունի դրա հետ։

Ցրված սկլերոզը կենտրոնական նյարդային համակարգի քրոնիկական բորբոքային հիվանդություն է և, առավելապես, հանդիպում է երիտասարդների շրջանում։

«Աստղիկ» ԲԿ-ի Նյարդաբանական ծառայության ղեկավար, ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի փոխնախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանի հետ Aysor.am-ը խոսել է ցրված սկլերոզ հիվանդության մասին՝ հասկանալու՝ ինչ է այն, որո՞նք են հիվանդության առաջին նշաններն ու արդյոք հնարավոր է լիարժեք բուժում։

«Սկլերոզ ասելով՝ մենք հասկանում ենք սպի։ Երբ խոսում ենք ծերունական խնդրի մասին ու հիշողության վատացումն անվանում ենք սկլերոզ, մենք դրա իրավունքը չունենք, այն ցրված սկլերոզի հետ կապ չունեցող մի բան է։ Ցրված սկլերոզը հիվանդություն է, որն իր էությամբ քրոնիկական է, ախտահարում է նյարդային համակարգը, բորբոքային է, ունի գենետիկական ուղղվածություն ու, անշուշտ, աուտոիմուն բնույթ ունի, այսինքն՝ մեկ հիվանդի մոտ պետք է համընկնեն մի քանի պայմաններ՝ վատ գենետիկա, վայրը, որտեղ ինքն ապրում է, իմունիտետի փոփոխությունները, մանկական կամ երիտասարդ հասակում որոշակի վիրուսներով հիվանդանացած լինելը», — պատմում է բժիշկ Մանվելյանը։

Սա երտասարդների հիվանդություն է, սովորաբար, միջին տարիքը 20-ից 40 տարեկան է

Սկլերոզ նշանակում է բորբոքում, սկլերոզի օջախը նշանակում է՝ ուղեղի հյուսվածքի մեջ ունենք սպի, այդ սպին, որը ձևավորվում է բորբոքային ռեակցիայից հետո, բերում է սկլերոզի։ Ցրված՝ նշանակում է ուղեղի տարբեր հատվածներում կա օջախ։

«Հիվանդությունն ախտորոշելու համար կան կրիտերիաներ, գլխավոր կրիտերիան այն է, որ պետք է տեսնենք ժամանակի հետ նոր օջախների ձևավորումն ու ցրվածությունը։ Ցրված սկլերոզը այն հիվանդությունն է, որն ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը. այն, ինչը մտնում է կենտրոնական նյարդային համակարգի մեջ, կարող է այս հիվանդության ժամանակ ախտահարվել, հիվանդությունն ունի «սիրած սկիզբ», դա կարող է լինել այսպես․տեսողական նյարդը ենթարկվի բորբոքային ռեակցիայի ու հիվանդը կուրանա։ Այսօր ակնաբույժների մեծ մասը գիտի ու տեղեկացված է, որ երիտասարդի մոտ կուրությունը կարող է լինել ցրված սկլերոզի պատճառով ու կուրությունը ախտորոշելուց հետո նա պարտադիր պահանջում է նյարդաբանի հետազոտություն ու մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)։ Այլ դեպքերում մենք կարող ենք բուժել, վերականգնել տեսողությունը ու չունենանք ցրված սկլերոզ ախտորոշումը», — նշում է պրոֆեսոր Մանվելյանը։

Կա այս հիվանդության մի քանի ձև

Կարող է լինել միայն տեսանյարդի ու ողնուղեղի ախտահարում, դա հատուկ համախտանիշ է, կարող է լինել միայն գլխուղեղի ախտահարում, կարող է լինել գլխուղեղի, ողնուղեղի ախտահարում։ Դրա համար, եթե կա խնդիր, պետք է դիմել գրագետ նյարդաբանի, որը պետք է կատարի նյարդաբանական հետազոտություն, գնահատի ունեցած նյարդաբանական դեֆիցիտն ու որոշի հետագա հետազոտությունները՝ ակնահատակի ստուգում, տեսողական դաշտի ստուգում և, իհարկե, գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն։

Բժիշկը վստահեցնում է՝ ՄՌՏ-ն թույլ է տալիս պատկերացնել ուղեղի հյուսվածքի ընդգրկվածությունն այս պրոցեսի մեջ. այսօր կա հստակ հնարավորություն՝ կատարելու այս հետազոտությունն ու տեսնել՝ արդյոք հիվանդությունը գտնվում է սուր փուլում, կա արդյոք բորբոքում, արդյոք կա գրոհ, թե ոչ։

Վաղ ախտորոշումն ու ճիշտ ախտորոշումը ցրված սկլերոզի մենեջմենթի մեջ ամենակարևորն է

«Երիտասարդ կինը, որի ձեռքը թմրել է, դիմում է բժշկի, ասում են՝ «դե, երևի շատ ես գրել»։ Ծիծաղի են վերածում ու անցնում։ Զգացողական բողոքները դժվար է ախտորոշել։ Այն բոլոր նշանները, որոնք տևում են մեկ օրից ավելի, պետք է արժանանան բժշկի հսկողության, եթե մեկ օր է թմրել, պետք է գնալ բժշկի, բժիշկն ասի՝ դա ուսային հյուսակի բորբոքո՞ւմ է, թե՞ կենտրոնական ախտահարումն է», — նշում է «Աստղիկ» ԲԿ-ի Նյարդաբանական ծառայության ղեկավարը։

Տեսողության կորուստը կարող է լինել հիվանդության «դեբյուտը». պետք է դիմել բժշկի

Վայր ընկնելը, գլխապտույտը, անցողիկ գլխապտույտները, ոտքերի թուլությունը տարբեր բողոքներն են այս հիվանդության. սովորաբար, ըստ պրոֆեսոր Մանվելյանի, այս նշանները, երբ գալիս են, դրա մեջ տեսնում են էմոցիոնալ բաղադրիչ ու ուշադրություն չեն դարձնում, մինչդեռ, մասնագետներն ուզում են, որ այն մարդիկ, որոնց մոտ կրկնվում են այս խնդիրները, պարտադիր դիմեն բժշկի։

Ցրված սկլերոզի հետևանքով կարող է զարգանալ նաև հաշմանդամություն

«Քանի որ խոսքը գնում է ուղեղի բորբոքային հիվանդության մասին, ապա, իհարկե, եթե լինում են բազմաթիվ օջախներ, կարող է զարգանալ նաև հաշմանդամության խնդիր որոշ ժամանակ անց, սակայն այսօր մենք ունենք բոլոր հնարավորությունները ժամանակին ախտորոշելու ու բուժելու։ Հիմնական բուժական ուղղվածությունն այն է, որ արյան մեջից հեռացվում են բորբոքային բջիջները, որոնց թույլատրելիությամբ զարգանում է ուղեղային բորբոքային ռեակցիան։ Եթե տեսնում ենք, որ հիվանդի մոտ գրոհ է, ապա շատ արագ պետք է վերացնել գրոհը, պետք է կատարենք հորմոնային, հակաբորբոքային բուժում։ Եթե անհրաժեշտ է բուժել սպաստիկան, ապա համապատասխան դեղերով է։ Այդ բոլոր դեղերն այսօր առկա են։ Հիվանդը պետք է դառնա տնօրենը իր սեփական կյանքի։ Նա պետք է կրթվի ու իմանա՝ ինչ է իրեն կարելի, ինչ չի կարելի։

Օրինակ, սաունա չի կարելի։ Առաջ, երբ որ ախտորոշումը դժվարանում էին անել, ասում էին՝« գիշերը տաք լոգանք ընդունի» ու, եթե առավոտյան հիվանդը ոչ թե գալիս էր, այլ բերում էին, ուրեմն հիվանդի մոտ ցրված սկլերոզ է, այսինքն՝ գերտաքությունն արգելված է, գերսառնությունն արգելված է, բացասական էմոցիաները կարող են դառնալ գրոհի պատճառ։ Հիվանդը պետք է ֆիզիկապես ակտիվ լինի. շատ հաճախ ասում են՝ «հեծանիվ քշի», որովհետև բոլորի մոտ այն միտքն է, թե հեծանիվն է, որ առողջարար է, բայց այդ հեծանիվ քշելու ժամանակ զարգանում է սպաստիկա ու հիվանդի մոտ ավելի վատ կարող է լինել», — մանրամասնում է Հովհաննես Մանվելյանը։

Ցրված սկլերոզի հետևանքով երիտասարդ տարիքում կարող են լինել սեռական խնդիրներ թե կանանց մոտ, թե՝ տղամարդկանց

«Կանանց մոտ, սովորաբար, չորություն է, շատ տհաճ է դառնում սեռական հարաբերությունը, տղամարդկանց մոտ պոտենցիայի հետ է խնդիր լինում ու կարող է դառնալ անհնարին, բայց դա էլ է լուծվում համապատասխան թիմային բուժումով», — վստահեցնում է մասնագետը։

Դեղորայքային բուժումն ինչքան շուտ սկսվի, կկանխվի հետագա օջախների ձևավորումը, հաշմանդամության հետագա ռիսկը

«Այսօր Հայաստանում ունենք միջազգային ճանաչում ունեցող ընդունված դեղորայք, դրանք գրանցված են։ Խնդիրը մնում է հասանելիության մեջ, որովհետև գիտեմ մի քանի եզակի դեպք, երբ ապահովագրությունը համաձայնվել է հիվանդի համար գնել, սովորաբար, դա բարեկամներն են անում, ընկերները կամ էլ սեփական միջոցներով։ Ծանր բեռ է, տարին մեկ-երկու անգամ այդ դեղորայքը ստանալը դառնում է բավականին ծանր բեռ։ Մենք առողջապահության նախարարության հետ քննարկում էինք արել, որպեսզի հասանելի դառնա դեղորայքը հիվանդների համար, խոսքը մոտ 200 հիվանդի մասին է, որոնց այս փուլում անհրաժեշտ է, իսկ ընդհանուր թիվը, միջին հաշվարկով, մոտ 800 հիվանդ է Հայաստանում։ Անշուշտ, հիվանդների թիվը փոփոխական է։ Համեմատած եվրոպական երկրների հետ՝ միջին թիվ է, որը ոչ ավել է, ոչ՝ պակաս։ 20-30 տարի առաջ թիվն այդքան շատ չէր, որովհետև ախտորոշելու հնարավորություններն էլ այդքան շատ չէին։ Պարսիկ բժիշկները միշտ ասում են, որ ցրված սկլերոզ իրենք տեսնում են միայն հայերի մոտ, հետաքրքիր է, որովհետև գենետիկորեն մենք այդքան էլ հեռու չենք իրարից», — ասում է պրոֆեսոր Մանվելյանը։

Ցրված սկլերոզով հիվանդները կարիք ունեն սոցիալական ադապտացիայի

«Նույն հիվանդը, անգամ սայլակով, պետք է կարողանա գնալ հասարակական վայր, նրա համար պետք է հասանելի լինի ամեն տեղ գնալը, շփվելը։ Կրթական աշխատանք, անշուշտ, արվում է, մենք շատ հաճախ ենք ելույթ ունենում այս հիվանդության մասին, ունենք շատ գրագետ հիվանդներ ու հիվանդի գրագետ բարեկամներ, որոնք իրենք են մեզ աջակցում ու տարածում ինֆորմացիան։ Այսօր անգամ փորձում են ստեղծել Ցրված սկլերոզով հիվանդների ասոցիացիա. շատ կարևոր բան է. ամեն մեկը լսում է ոչ թե այլ մարդուց, այլ հիվանդը հիվանդից է լսում հաջողությունների, անհաջողությունների ու լուծումների մասին», — հավելում է Հովհաննես Մանվելյանը։