ՔԻՉ ԱՌԱՋ․Նոր պատմական ռեկորդ․Ռուբլին գերազանցեց․․․

Ե՛վ հայկական դրամը, և՛ ռուսական ռուբլին համեմատաբար ամրապնդվել են և եկել գրեթե նախկին դիրքին. տնտեսագետ
Ռուս-ուկրաինական հակամարտության սրացման ֆոնին ռուբլու անկումը 4.0 դրամի սահմաններում ոչ միայն ՌԴ-ի, այլ նաև ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերի վրա իր բացասական ազդեցությունն ունեցավ: Փորձագետները նշում էին՝ Ռուսաստանից մեր երկիր ուղարկվող գումարներն ավելի փոքր արժեք կունենան։

ՀՀ կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2021 թվականին շուրջ 2 միլիարդ 109 միլիոն դոլար փոխանցումներից 865 միլիոնը միայն ՌԴ-ից է ուղարկվել։ Ստացվում է, որ մեր երկիր մուտք գործող դրամական փոխանցումների ավելի քան 40%-ը հենց Ռուսաստանից է եղել:

Փորձագետների խոսքով՝ ռուբլու արժեզրկումը նաև իր բացասական ազդեցությունն է ունենում Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների վրա, փոխվում են երկրներում ապրանքների հարաբերական գները: Նշենք, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է. առաջին տեղում է ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման գծով։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականին Հայաստանը Ռուսաստան է արտահանել 847 միլիոն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 24,5%-ով։ Իսկ Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է 1 միլիարդ 782 միլիոն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 19,2%-ով։ ՀՀ-ից արտահանումների մեջ ՌԴ-ի կշիռը կազմում է 28%, իսկ ներմուծումը (ըստ ծագման երկրի) ուղիղ մեկ երրորդը՝ 33,3%:

Տնտեսագետ, tvyal.com կազմակերպության ղեկավար Աղասի Թավադյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է՝ ռուսական ռուբլու մասով կանխատեսումներ անելը բարդ է, քանի որ ռուբլին ավելի տատանողական է:

«Հայկական դրամը համեմատաբար ավելի կայուն է: Այս ընթացքում, եթե այլ խոշոր տատանումներ չլինեն հայկական շուկայում կամ ընդհանրապես համաշխարհային շուկայում, ապա մեր դրամը միջնաժամկետում գտնվելու 1 դոլարը 480 դրամի շրջակայքում: Ռուբլու մասով ամեն բան կախված է ռազմաքաղաքական իրավիճակից: Սակայն կարելի է ասել՝ ռուսական դրամավարկային քաղաքականությունը բերեց նրան, որ ռուբլին գրեթե վերադարձավ նախկին դրությանը»,- նկատում է տնտեսագետը:

Խոսելով ռուսական ռուբլու տատանումների և դրա՝ ՀՀ-ի արտահանման շուկայի վրա ազդեցության մասին՝ Թավադյանն ասում է՝ այս տատանումները կարող են հանգեցնել նրան, որ հայկական ապրանքների արտահանման ծավալները դեպի ՌԴ կրճատվեն. «Սակայն նախատեսվում է վերականգնողական աճ: Ե՛վ հայկական դրամը, և՛ ռուսական ռուբլին համեմատաբար ամրապնդվել են և եկել գրեթե նախկին դիրքին»:

Նկատենք՝ հայաստանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 4.93 դրամով, առավելագույնը՝ 5.85 դրամով, միջինը՝ 5.63 դրամով: Վաճառվում է նվազագույնը 6.43 դրամով, առավելագույնը՝ 7.30 դրամով, միջինը՝ 6.75 դրամով:

Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումները ՀՀ-ի ֆինանսատնտեսական վիճակի վրա Թավադյանը գնահատում է և՛ լավ, և՛ վատ:

«Պատժամիջոցների պատճառով ռուբլով տրանսվերտների քանակի կրճատումը էական է լինելու և առաջիկայում չի վերադառնալու իր նախկին չափին: 2021 թվականից տրանսվերտներ — ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 9 տոկոս: Եթե նայենք 2014-2015 թվականների հարաբերակցությունը, 15 տոկոս էր ու շարունակվելու է կրճատվել 10-20 տոկոսով: Դա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք աշխատում են ՌԴ-ում և պահում են իրենց ընտանիքները ՀՀ-ում, ստիպված են լինելու ավելի քիչ դրամական միջոցներ ուղարկել»,- կարծում է տնտեսագետը:

Առանձին ընտանիքների տեսանկյունից սա վատ է, նկատում է Թավադյանը, սակայն պետությունը, որն աշխատուժ է արտահանում, չի նշանակում, որ ճիշտ քաղաքականություն է վարում. «Հիմա հակառակ գործընթացն էլ է տեղի ունենում. Ռուսաստանի աշխատաշուկան է գալիս Հայաստան, ինչը մեզ համար դրական է»:

Դիտարկմանը՝ ռուբլու անկման հետևանքով Ռուսաստանից Հայաստան ժամանած քաղաքացիները գումարային կորուստներ են ունենում, քանի որ իրենց փոխանակած գումարը բավականին քիչ է կազմում, տնտեսագետն ասում է՝ ՀՀ եկած ռուսների գրպանում միայն ռուբլի չէ: «Նրանց մեծ մասն աշխատում է արտասահմանյան կազմակերպություններում և վարձատրվում դոլարով»,- նկատում է նա:

Սահմանափակումների դրական կողմն էլ, տնտեսագետի կարծիքով, այն է, որ ՌԴ-ի տնտեսվարողներն այս նոր իրավիճակում փորձելու են գտնել այլընտրանքային ուղղություններ՝ իրենց դրամական միջոցները տեղաբաշխելու համար. «Եվ այդ այլընտրանքային ուղղությունն էլ իրենց ապրանքային ուղիները Ռուսաստան տեղափոխելու համար են: Այս պարագայում Հայաստանը կարող է շահել, որովհետև զգալի քանակությամբ գումարներ կարող են գալ մեր երկիր»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.