Քննարկվում է ռուս խաղաղապահների դուրսբերման հարցը․ Նրանց կփոխարինեն ֆրանսիացիները
Տեղեկատվություն է տարածվել, թե Արևմուտքը պահանջում է ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերում Արցախից: Նշվում է, որ Գյումրիի 102-րդ ռազմաբազան դուրս կբերվի Հայաստանից, իսկ ռուս խաղաղապահների փոխարեն կտեղակայվեն ֆրանսիական ուժեր:

Եվրոպան և ԱՄՆ-ը վերջին օրերին, ինչպես հաղորդվում է, լրջորեն ակտիվացել են: Համարվում է, որ ներկայումս Ռուսաստանի վրա Արևմուտքը մեծ ճնշում է գործադրում, հատկապես Պուտին-Բայդեն հանդիպման վերաբերյալ որոշ մանրամասների բացահայտումից հետո: Եզրակացություն է արվում, որ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինի հետ «դաժան ու կոշտ խաղ է խաղում», իսկ «ցարը» դրան չի կարողանում պատասխանել:

Ճնշումը, ինչպես նշվում է, վերաբերում է նաև Արցախի հարցին, հատկապես այնտեղ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Մյուս կողմից ճնշում է գործադրվում Դոնբասի, Ղրիմի, Սիրիայի հարցերով:

 

Առկա տեղեկատվության համաձայն` առաջիկայում ռուսական խաղաղապահ ուժերը կարող են դուրս բերվել Արցախից, որից հետո Հայաստանը կլքի նաև Գյումրիի 102-րդ ռազմաբազան: Ընդ որում` բազայի անձնակազմը և ռազմատեխնիկան երեք մասի են բաժանվելու. հիմնական մասը տեղակայվելու է ՌԴ Արևմտյան ռազմական շրջանում, մյուսը` Տաջիկստանում` սահմանը թալիբներից պաշտպանելու, իսկ երրորդը, հնարավոր է, տեղափոխվի Սիրիա:

Շեշտվում է, որ այդ ամենը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մինչև տարվա վերջ: Ընդ որում`1) Հայաստանը և Ադրբեջանը դեմ չեն ռուսական զորքերի դուրսբերմանը,2) Արևմտյան ճակատը և Սիրիան Ռուսաստանի համար առավել մեծ ռազմավարական նշանակություն ունեն,

3) Եթե Ռուսաստանը դիմադրի, ապա հնարավոր է կիրառվի պատժամիջոցների նոր փաթեթ:

Նշվում է, որ հենց այդ պատճառով է Ռուսաստանը սկսել Արցախի հարցը քննարկել Ֆրանսիայի հետ: Հավանական է համարվում, որ հենց ֆրանսիացի գործընկերները կփոխարինեն ռուս խաղաղապահներին` դրա դիմաց զիջումների գնալով Կենտրոնական Աֆրիկայում կամ նույնիսկ առանց զիջումների, սակայն հստակ պայմանավորվածությունների համաձայն:

Աղբյուրն ընդգծում է, որ նշված տեղեկատվությունը 3-4 օր առաջ է ստացել վստահելի շրջանակներից, սակայն որոշել է մի քանի օր սպասել և տեսնել, թե ինչպես է զարգացնում իրադրությունը` հաշվի առնելով նաև սահմանային լարվածության աճը: